Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի աջակից, Քրօրի մի քանի հոդվածներով մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն առաջադրվել է ՏԻՄ ընտրություններում

Քոչարյանի աջակից, Քրօրի մի քանի հոդվածներով մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն առաջադրվել է ՏԻՄ ընտրություններում
Քաղաքականություն
20:00, 31 октябрь 2021
2018-ից զենքով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Դավիթ Համբարձումյան» դաշինքով մասնակցելու մասին։

«Սիրելի՛ Հայրենակիցներ, Մասիս համայնքի և հարակից բնակավայրերի սիրելի՛ բնակիչներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։

Ինչպես տեղյակ եք, Մասիս քաղաքը խոշորացվել է, և հետայսու Մասիս համայնքը իր մեջ ընդգրկում է նախկին Մասիսի շրջանի բոլոր համայնքները: Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) և ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ  (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով։
Համաձայն մեղադրանքի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։