Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միակ բանը, որ դատարկվում է խոշորացված համայնքներում, ոմանց դարակներն են. Գնել Սանոսյանը հորդորեց փաստաթղթերը թողնել տեղում, որ տարիներով իրավապահների դռները չընկնեն

Միակ բանը, որ դատարկվում է խոշորացված համայնքներում, ոմանց դարակներն են. Գնել Սանոսյանը հորդորեց փաստաթղթերը թողնել տեղում, որ տարիներով իրավապահների դռները չընկնեն
Քաղաքականություն
16:12, 05 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ համայնքների խոշորացմանն ու արտագաղթին առնչվող հարցին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նկատեց. «Համայնքների խոշորացման գործընթացի ամբողջ գաղափարն այն է, որ մենք արտագաղթի դեմն առնենք: Որ փոքր համայնքներից մարդիկ չփախչեն, շատ ներողություն՝ կոպիտ է հնչում: Խոշորացված համայնքի կազմում գտնվող փոքր համայնքում, որտեղ մինչև այսօր Հայաստանի շուրջ 400 բնակավայր կա, 200-ում ընդհանրապես տրանսպորտ չի մտնում, էն 200-ում էլ՝ չկարգավորված է: Մեր նպատակն է, որ խոշորացված համայնքին պետությունը ավտոբուս տա, բայց համայնքապետին պարտադրի, որ նույնիսկ 120 բնակիչ ունեցող համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներ տեղի ունենան»:

Նրա խոսքով՝ խոշորացման նպատակն է, որ սահմանամերձ փոքր գյուղը որևէ կերպ չդատարակվի. «Ունենա խմելու ջուր, մանկապարտեզ, տրանսպորտ»:

«Չգիտես ինչու, որոշ համայնքապետեր սկսել են դատարկել խոշորացվող համայնքների գյուղապետարանների դարակները: Ես հորդորում և պահանջում եմ ոչինչ չդատարկել, դա իրենց տունը չի, իրենց թղթերը չեն, թող ոչ մեկն իր հետ ոչինչ չտանի, թողնել, որ համայնքապետարանը կարողանա նորմալ փաստաթղթերով աշխատի, իրենք էլ տարիներով իրավապահ մարմինների դռները չընկնեն:
Միակ բանը, որ դատարկվում է խոշորացված համայնքներում, դա ոմանց դարակներն են»,- ընդգծեց նախարարը: