Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ. կմ-ը. Էդուարդ Աղաջանյանի կոչը ՀՀ կառավարությանը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, շեղվելով հարցի քննարկումից, հայտարարեց. «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին ագրեսիվ և սադրիչ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը: Նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք: Բանակցությունների արդյունքում զինտեխնիկան և զորքերի մեծ մասը հետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»:

Նա ընդգծեց, որ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ. կմ տարածք շուրջ 11 տեղամասերում:

«Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով՝ ըստ էության նորանոր տարածքային և անվտանգային սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ: Այս իրավիճակը լուրջ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող ՀՀ-ի համար»,- հայտարարեց Էդուարդ Աղաջանյանը:

Նա ցավով նշեց, որ իրադրության մոնիտորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելության գործուղման հայկական կողմի նախաձեռնությունը մինչև օրս կյանքի չի կոչվել. «Հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիր է, ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ: Միևնույն ժամանակ մեր խորհրդարանական գործընկերներին կոչ եմ անում միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող և լուսաբանող հայտարարություններով»: