Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում են՝ ձեր իշխանության բանակ... կներեք, սահմանին կռվողը բոլորիս է պաշտպանում. Անդրանիկ Քոչարյանը՝ բյուջեի ծախսերին սրբորեն վերաբերվելու մասին

Ասում են՝ ձեր իշխանության բանակ... կներեք, սահմանին կռվողը բոլորիս է պաշտպանում. Անդրանիկ Քոչարյանը՝ բյուջեի ծախսերին սրբորեն վերաբերվելու մասին
Քաղաքականություն
13:48, 17 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում նշեց, որ ինքը թվային տվյալներ չի կարող ներկայացնել, քանի որ խոսելու է բյուջետային ծախսերի փակ մասի վերաբերյալ:
«Պաշտպանության, անվտանգության ոլորտի ծախսերն ավելացել են, և դրանք համահունչ են կառավարության ծրագրի այն փիլիսոփայությանը, որ մենք պետք է դնենք այն հիմքերը, որը հնարավորություն է տալիս հատկապես պաշտպանական գերատեսչությունը փոխել և մոտենալ այն գաղափարի իրականացմանը, որն անվանում ենք պրոֆեսիոնալ բանակ: Դրա համար շատ կարևոր է, թե այս տարվա բյուջեով ինչ ծախսեր ենք նախատեսում սպառազինության, կրթության, կառուցվածքային ձևափոխումների համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս երկու օրերին շատերի համար տեսանելի դարձավ, որ պետությունն ունեցել է նաև լրացուցիչ ծախսեր և այդ ծախսերն իրականացրել է հանձինս մեր ավելացած սահմանային դիրքերի. «Օգտվելով առիթից՝ ասեմ, որ այս պահին սահմանի արևելյան հատվածում հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ այս հանգստությունն ամեն օր ուղեկցելու է մեզ: Դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրն իրականություն դարձնելու համար, որտեղ մենք անխափան պետք է այս ծախսերը սրբորեն իրականացնենք՝ առանց այդ ծախսերը փոշիացնելու»:

Նա նշեց, որ լավ կլիներ, եթե աջ թևի գործընկերները տեղյակ լինեին, թե ինչի մասին է խոսվում:

«Երեկ մեր բանակը կռվեց. դա շատ կարևոր է, իսկ հետո թե ինչ կլինի, դարձյալ կախված է բոլորիցս, կախված է, թե մենք բյուջեին, բյուջեի ծախսին ինչպես ենք վերաբերվելու: Երբ ասում են՝ ձեր իշխանության բանակ, բայց կներեք, սահմանի վրա կռվողը բոլորիս է պաշտպանում: Մենք էլ անելիք ունենք, չի կարող զինվորը մի ձեռքով ավտոմատը բռնել, մյուսով՝ քլունգը: Պետք է դերերը բաշխենք»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը: