Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն առցանց ձևաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ

ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն առցանց ձևաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ
Քաղաքականություն
21:45, 10 декабрь 2021
ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 9-ին առցանց ձևաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ:

Կարի Հենրիկսենը նշել է, որ պատրաստակամ է ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները` հավելելով, որ բարձրացված հարցերը պետք է հասանելի լինեն միջազգային գործընկերների և հանրության համար: Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարևոր է համարում ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև երկխոսությունը:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասն պատմել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ագրեսիվ գործողությունների մասին: Նա շեշտել է գերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Աղաջանյանը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններից բխող պարտավորություններին Հայաստանի հավատարմությունը և շեշտել է Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Պատվիրակության ղեկավարը մասնավորապես անդրադարձել է ապաշրջափակման օրակարգին և դա բացառապես ստանձնած պարտավորությունների շրջանակում անելու անհրաժեշտությանը. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն կողմերի ամբողջական ինքնիշխանության ներքո, պարիտետային սկզբունքով, առանց որևէ միջանցքային տրամաբանության:

Էդուարդ Աղաջանյանը կարևորել է նաև սահմանագծման և սահմանազատման օրակարգը` շեշտելով այս գործընթացի համար Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին համապատասխան միջավայր ապահովելու անհրաժեշտությունը:

Պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը շեշտել է՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հստակ ձևակերպի իր ակնկալիքները Հայաստանից և Ադրբեջանից` տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցում կառուցողական դիրքորոշում դրսևորելու ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: Մարիա Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևավորել է կառավարող մեծամասնություն, որի մանդատը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելն է: Տիկին Կարապետյանն ընդգծել է, որ սա, իհարկե, կախված է ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանի այլ երկրների մտադրություններից ու գործողություններից, և Հայաստանը ստանձնել է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պատասխանատվության իր բաժինը:

Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները հետպատերազմական շրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, մանրակրկիտ և փաստարկված անդրադարձել է ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմանն ու շարունակական սադրանքներին: Հռիփսիմե Գրիգորյանը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել այդ գործընթացում Ադրբեջանի վարած սաբոտաժի քաղաքականությանը և առհասարակ ռազմատենչ հռետորաբանությանը:
Պատասխանելով մշակութային ժառանգության վերաբերյալ Կարի Հենրիկսենի հարցին` տիկին Գրիգորյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների և փորձագետների անարգել ու ապահով մուտքն այն տարածքներ, որտեղ կան հայկական մշակութային կոթողներ` դրանց ներկայիս վիճակը պատշաճ գնահատելու և պահպանմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար:
Ամփոփելով հանդիպումը` տիկին Հենրիկսենը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ համանման հանդիպումից հետո երկու երկրների պատվիրակներին կներկայացնի խորհրդարանական հարթակում հետագա երկխոսությանն ուղղված առաջարկություններ: