Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի թողած գյոզալական ժառանգությունը, կամ՝ ո՞ւմ է «գժի տեղ դնում» նախկին նախագահը

Սերժ Սարգսյանի թողած գյոզալական ժառանգությունը, կամ՝ ո՞ւմ է «գժի տեղ դնում» նախկին նախագահը
Քաղաքականություն
15:57, 21 декабрь 2021
ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ  Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ  ԼՂ կարգավորման գծով իր թողած բանակցային «հոյակապ» ժառանգությանը։ Սարգսյանը պնդեց, որ  «դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, իսկ մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ, որը հաղթանակ էր կերտել Արցախյան առաջին պատերազմում, որը տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը Ապրիլյան պատերազմում, և որը շարունակական արդիականացմամբ, սեփական սխալներն ուղղելու ու բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ  պատրաստ էր ստիպել թշնամուն մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»։ 

Պաշտոնաթող նախագահը չզլացավ  նաև ընդգծել, որ իրեն բանակցություններում «գժի տեղ» չի դրել։ Իսկ թե ինչու այսքան «պլյուսների» պայմաններում չի հաջողել  լուծել ԼՂ հարցը՝ կդժվարանան պատասխանել անգամ բրիտանացի գիտնականները։   
Մինչ նրա թողած բանակցային ժառանգությանը անդրադառնալը՝ հիշեցնենք, թե ինչ էր ասում Սարգսյանն ԱԺ ամբիոնից 2018-ի ապրիլին, երբ որպես վարչապետի թեկնածու պատասխանում էր պատգամավորների հարցերին։

Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը հարց հնչեցրեց. «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես լավատեսության տեղ այս պահի դրությամբ չի տալիս: Բոլորիս համար հստակ է նաև, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով և կեցվածքով: Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան և այս իրավիճակում ի՞նչ նոր քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, և ի՞նչ քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային առավել կառուցողական հուն վերադարձնելու համար»։  Ի պատասխան՝ Սարգսյանն ասաց, թե բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, «բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է»:  «Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի իրոք բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ ԼՂ խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում: Մեկ անգամ ևս հստակորեն ես հայտարարում եմ, որ ՀՀ-ն և հիմքում ունենալով ԼՂ-ի՝ Արցախի Հանրապետության նախագահի, ղեկավարության պնդումները՝ ասելով, որ մենք պատրաստ ենք և մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Եվ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ ԼՂ-ի կողմից կամ ՀՀ-ի  կողմից: Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»: 

Այսպիսով նախկին նախագահն արձանագրում է հեղափոխությունից օրեր առաջ բանակցային պրոցեսում առկա իրավիճակը՝ բանակցությունները կանգնած են, Ադրբեջանը  խնդրի կարգավորումը տեսնում է միայն ԼՂ-ի կամ ՀՀ-ի կողմից զիջումների տեսքով։

Բանակցային գործընթացում առկա այսպիսի «ստատուս քվոն»  «ամուր մեջք»  որակել կարող էր միայն  ոչ ադեկվատ բանակցողը։ 

Սերժ Սարգսյանի թողած «գյոզալական ժառանգությունն»  այս տեսքն ուներ

Համագումարում  Սարգսյանը հայտարարել էր նաև, թե  թողել է «բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար»:  
Նախ՝ ինչ է նշանակում «Արցախի հայկական մնալու» երաշխավորում՝ առանց ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման և իրավական ամրագրման։ Կա՞ գեթ մեկ փաստաթուղթ, որտեղ ամրագրված է այդ երաշխիքը՝ Արցախի  հայկական մնալը, և՝ ինչի՞ դիմաց էր տրվել  հիշյալ երաշխիքը, որն, ըստ Սարգսյանի, ընդունելի են համարել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։  «Երկար լեզվով» բանակցողի այս «նյու-հաուին» հարկավ պետք է հետևի միջազգային հանրության պարզաբանումը։  
Իսկ մինչ այդ անդրադառնանք  Արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի թողած «գյոզալական» ժառանգությանը, որին վարչապետ Փաշինյանն անդրադարձավ 2020 թ. հունվարի 25-ին  Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։  Նա մեջբերում արեց մի փաստաթղթի սևագրից (draft), որը 2019 թվականի հոկտեմբերի 17-ին տպագրվել է 1in.am կայքում: Փաստաթղթի արտահոսքը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ից, քանի որ միայն այս մարմնի իրավասության տակ է փաստաթղթի տնօրինումը (չհաշված Ադրբեջանի ԱԳՆ-ն և ԵԱՀԿ դեպոզիտարիան):

2018-ի հունվարի 18-ին, հիշեցնենք,  Լեհաստանի Կրակով քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ էլ, ըստ էության,  կողմերին է փոխանցվել հիշյալ սևագիրը: Ահա բանակցային վերջին՝ խաղաղ կարգավորման  փաստաթուղթը կազմված է հետևյալ պարբերություններից։ 

Պարբերություն 1

ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ.
Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։

Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ՈՂՋ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ 

Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ամբողջական կարգավորում։
Դրացիական համագործակցության վերականգնում։

Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2

Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։

Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային  ուժերըև դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը,  Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ (ընդգծումները մերն են-խմբ.)։ 

Պարբերություն 3

Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը՝ ԼՂ-ն պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։  
Ինչպես տեսնում ենք՝ մեջբերված պարբերություններից և ոչ մեկում չկա  «արցախի հայկական լինելու» մասին հիշատակում, առավել ևս՝ իրավական երաշխիք։ 

Կապանյան ասուլիսում  Փաշինյանը հավաստիացրեց  նաև, որ երբ ինքը դարձել է վարչապետ, իրեն առաջարկվել է, որ նույն կետից շարունակի բանակցային գործընթացը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով. «Պատասխան տեքստը եղել է Ստեփանակերտում 2019-ի մարտին ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների ընդհանուր նիստում իմ արտասանած տեքստը… Սա այն ժառանգությունն է, (որ) դրվել է սեղանին։ Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք։ Ես ուզում եմ ասել հետևյալը. որ հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ուզենա շարունակել բանակցությունները միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի»։

Հետաքրքիր է՝  ինչպես է արձագանքել  պաշտոնական Ղարաբաղը թե՛ այս փաստաթղթին, թե՛ Փաշինյանի առաջարկին:

Հեղինե Մանուկյան