Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ կյանքի որակն էր բարելավում Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 100-140, իսկ ստորին օղակի աշխատողների աշխատավարձերը 25-30%-ով բարձրացնելով

Ո՞ւմ կյանքի որակն էր բարելավում Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 100-140, իսկ ստորին օղակի աշխատողների աշխատավարձերը 25-30%-ով բարձրացնելով
Քաղաքականություն
19:21, 22 декабрь 2021
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցը, Հայկ Մարությանը իր ելույթում, քննադատելով իշխող քաղաքական ուժին, ասաց, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում Կառավարության անդամների, նախարարների աշխատավարձերը կտրուկ բարձրացել են, և նախարարները 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում։

«Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը։ Օրինակ՝ նախարարները 1,5 մլն դրամ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է՝ հարկերը հանած, փոխնախարարները 1 մլն են ստանում»,- ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ մինչ բարձրացումը նախարարների աշխատավարձը կազմում էր 793 հազար 680 դրամ՝ ներառյալ հարկերը։

Աշխատավարձերի կտրուկ բարձրացումը անընդունելի համարող քաղաքապետը թերևս մոռացել է, թե ինչպես էր արդարացնում Երևանի քաղաքապետարանի վերին օղակների աշխատողների (քաղաքապետ, փոխքաղաքապետեր, թաղապետեր, աշխատակազմի քարտուղար, մամուլի խոսնակ և այլն) աշխատավարձերի կտրուկ՝ 100-140 տոկոսով բարձրացումը, ինչի հետևանքով, օրինակ, թաղապետի աշխատավարձը կրկնապատկվել էր և 400 հազար դրամից դարձել 800 հազար դրամ՝ շրջանցելով նախարարի աշխատավարձին, այն դեպքում, երբ նախարարը պատասխանատու է ողջ հանրապետության մասշտաբով ամբողջ ոլորտին առնչվող հարցերի համար, կրում է քաղաքական պատասխանատվություն, կայացնում է որոշումներ, առնչվում  տարբեր շահեր ունեցող շրջանակների հետ և այլն, իսկ թաղապետը պատասխանատվություն է կրում վարչական մի շրջանի համար։ 

Քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամից բարձրացել էր 1 մլն 200 հազար դրամ, ինչը հավասար է երկրի վարչապետի աշխատավարձին։ Չնայած, հանուն արդարության, պետք է նշել, որ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ հրաժարվելու է բարձրացումից և շարունակելու է ստանալ նախկին աշխատավարձը, թեև անհասկանալի է, թե ինչպե՞ս էր Մարությանը ստանալու աշխատավարձի մի մասը։ Քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի աշխատավարձը 280 հազար դրամից բարձրացվել էր մինչև 660 հազար դրամ, քաղաքապետի տեղակալների 320 հազար դրամ աշխատավարձը՝ 670 հազար, քաղաքապետի մամուլի խոսնակի աշխատավարձը բարձրացումից հետո կազմում է 650 հազար դրամ։ Ահա այս բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել և հասել են նախարարի աշխատավարձին՝ հետպատերազմական և 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հավանաբար մոռացել էր նաև հանգամանքը, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի կրկնապատկման ֆոնին միջին և ստորին օղակի աշխատողների աշխատավարձերը բարձրացել էին ընդամենը 25-30 տոկոսով։ 

Հարց է ծագում, թե այդ դեպքում հեղափոխական Հայկ Մարությանը ո՞ւմ կյանքի որակն էր կտրուկ բարելավում՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկելու, իսկ ստորին օղակի աշխատողների աշխատավարձերը ընդամենը 25-30 տոկոսով բարձրացնելու դեպքում։

Վովա Հակոբյան