Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-հունական հարաբերությունների 30-ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով. ՀՀ դեսպանի ուղերձը․ Տեսանյութ

Հայ-հունական հարաբերությունների 30-ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով. ՀՀ դեսպանի ուղերձը․ Տեսանյութ
Քաղաքականություն
16:26, 22 январь 2022
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ուղերձ է հղել Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Սիրելի բարեկամներ,
 
Լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է, և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն հազարամյակների պատմություն։ Հույն ժողովրդի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, սկզբունքներ, ընդհանուր սպառնալիքներ ու ակնկալիքներ և արյունակցական կապեր։ Դրանք ավելին են, քան որևէ տեսակի շահադիտական կապերը։ Մեր եղբայրությունը անցել է ժամանակի և պատմության բոլոր փորձությունները՝ ըստ այդմ դառնալով ավելի ամուր։
 
Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայր են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում։ Կարող եմ միանշանակ ասել, որ մեր հարաբերությունների 30-ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով։ Մյուս կողմից՝ բոլոր միջոցներով էլ ավելի ենք խորացնելու տնտեսական և առևտրային կապերը, որի համար կա պարարտ հող։
 
Մշակութային դիվանագիտությունը հզորագույն գործիք է թե՛ հույների և թե՛ հայերիս համար, և չնայած կարծում ենք, թե բավարար ճանաչում ենք միմյանց, սակայն միշտ կա ավելին իմանալու և ավելի փոխհարաբերվելու տեղ։ Մշակույթով միմյանց ճանաչելու և սիրելու հնարավորություններն անսպառ են։ Ռազմական բարձր մակարդակի հարաբերությունները էլ ավելի են խորանում, ինչն ուրախալի, բայց նաև կարևորագույն հանգամանք է։
 
Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներն առջևում են, և դրանց մասին տարվա ընթացքում մենք կտեղեկացնենք։ Երեկ այս առթիվ Հունաստանի հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվեցին հայկական եռագույնով։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքների խորհուրդներին, որոնք ընդառաջեցին մեր խնդրանքին։
 
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Հունաստան այն քաղաքական գործիչներին, հունահայ համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր 30 տարիների ընթացքում ունեցել են իրենց անուրանալի ներդրումը հայ-հունական առանձնաշնորհյալ հարաբերությունների կառուցման և կայացման համար։
 
Կեցցե՜ Հայաստանը,
 
Կեցցե՜ Հունաստանը,
 
Աստված օրհնի հայ-հունական եղբայրությունը»:

Տեսանյութն՝ այստեղ։