Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների եւ թուրքերի քվեարկությանը միացած ՀՀԿ-ական պատգամավորն իր ելույթում շոշափել է ռազմագերիների հարցը, ապա դեմ է քվեարկել ռազմագերիների վերադարձի մասին կետ պարունակող բանաձեւին

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների եւ թուրքերի քվեարկությանը միացած ՀՀԿ-ական պատգամավորն իր  ելույթում շոշափել է  ռազմագերիների հարցը, ապա դեմ է քվեարկել  ռազմագերիների վերադարձի մասին կետ պարունակող բանաձեւին
Քաղաքականություն
16:44, 28 январь 2022
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ինչպես հայտնել ենք,  ԵԽԽՎ-ում, ի թիվս  Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների անդամների, դեմ է քվեարկել  Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևին: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչը ԵԽԽՎ-ի իր ելույթում բացի ՀՀ իշխանությունների մասին գանգատվելուց, բողոքելուց,  խոսել է նաեւ 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ տարվող 44-օրյա պատերազմում  ահաբեկիչների ներգրավման մասին՝ կուրության մեջ մեղադրելով նրանց, ովքեր չեն տեսնում, թե ինչպես է  Ադրբեջանը իրեն թույլ տալիս կատակներ անել  ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, թե ինչպես է հրաժարվում կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ավելի քան մեկ տարի է, ինչ չի վերադարձնում Բաքվում պահվող մեր ռազմագերիներին։

Ինչ է ստացվում՝  Մամիջանյանն ու նրա քաղաքական ուժի անդամները օրնիբուն խոսում են ռազմագերիների վերադարձից ու իշխանությանը մեղադրում անգործության մեջ, հարցը հասցնում  են Եվրախրհուրդ, ապա դեմ են  քվեարկում այն բանաձեւին, որտեղ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ  հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտության, եւ որ ամենակարեորն է՝  ռազմագերիների վերադարձի մասին: «Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ դադարեք նայել տարածաշրջանին և Հայաստանին լայնորեն փակ աչքերով»,-իր ելույթը  եզրափակել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Թերեւս արժի պարոն Մամիջանյանին էլ իր իսկ ոճով հորդորել, որ ՀՀ-ի շահերին վերաբերող   բանաձեւերին դեմ քվերակելուց առաջ  աչալուրջ լինի եւ  լայորեն բացի ՀՀ իշխանությունների դեմ ատելությունից կուրացած աչքերը: Հայկ Մամիջանյանը պարզաբանել է, որ չի սխալվել քվեարկելիս եւ հավելել՝ «մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը»:    

Ի դեպ, տարիներ առաջ՝ 2009-ին, ԵԽԽՎ նստաշրջաններից մեկի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության  ընդդիմադիր անդամ Զարուհի Փոստանջյանը թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին համոզել էր միանալ իր առաջարկին, ըստ որի պետք է ազատ արձակվեին մարտի 1-ի դեպքերից հետ կալանքի տակ գտնվող ազատամարտիկները՝ Սասուն Միքայելյան, Ժորա եւ Մկրտիչ Սափեյաններ եւ այլք, ՀՀ-ում նրան անարգանքի սյունին գամեցին եւ մեղադրեցին թշնամուն Հայաստանի վրա  ուրախացնելու մեջ: Ի դեպ, նույն՝ 2009-ի ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիկարության ղեկավար Դավիթ Հարությունյանը կողմ էր քվեարկել Մոնիտորինգի հանձնաժողովի այն բանաձեւի, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավարական երկիր, քանի դեռ իր տարածքները օկուպացված են: Հարությունյանը, փաստորեն, կողմ  էր արտահայտվել այն ձեւակերպմանը, ըստ որի՝ Ադրբեջանի տարածքները օկուպացված են:  

Փաստ է, որ այսօր էլ  նախկին իշխանության ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում ակնհայտ հակահայկական գործունեություն են իրականացնում,  այն դպքում, երբ ամենօրյա ռեժիմով  իշխանության շարքերում գործակալ են փնտրում, մեղադրում ուրացման եւ դավաճանության մեջ:  Թե ով է այսքանից հետո ուրացողն ու դավաճանը՝ թողնում ենք ընթերցողի դատին: 

Հեղինե Մանուկյան