Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ն 31 կողմ ձայներով ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Արցախի ԱԺ-ն 31 կողմ ձայներով ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
Քաղաքականություն
12:13, 16 февраль 2022
ԱՀ ԱԺ-ում այսօր ընդունվեց պատգամավորներ Ա. Թովմասյանի, Դ. Մելքումյանի, Ա. Մոսիյանի, Դ. Գալստյանի, Գ. Բաղունցի, Ա. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը։
 
Նախագիծն ընդունվեց 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Սույն օրենքը սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։ Բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը:

Հարակից զեկուցմամբ, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը կարեւորեց օրենքի ընդունումը՝ նկատելով, որ գուցե մի քիչ էլ ուշացել ենք. «Ի վերջո, մեր երկրի մեծ մասը բռնագրավված է եւ մենք պարտավոր ենք ունենալ այս օրենքը: Այն իր մեջ ներառում է ԱԺ ժողովրդի, իշխանության տեսլականը՝ իր անցյալի, ներկայի եւ ապագայի նկատմամբ»: