Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նպատակը մեր համաքաղաքացիներին լսելն ու խնդիրներն արձանագրելն է, ապա փորձել լուծումներ գտնել դրանց համար. Հայկ Կոնջորյանը` ՔՊ պատգամավորների` Վայոց Ձոր երկօրյա այցի մասին. Տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, երկօրյա այցով Վայոց ձորի մարզում էին։ Պատգամավորները մարզպետի հետ միասին շրջեցին մարզի մի շարք համայնքներով, հանդիպումներ ունեցան բնակիչների և գործարարների հետ, լսեցին սահմանամերձ Խաչիկ, Խնձորուտ համայնքների բնակիչներին։

Պատգամավորները եղան «Երեմյաններ»-ի անասնաֆերմայում և կաթնամթերքի արտադրամասում, «Ջերմուկ գրուպ» ընկերությունում և տեղի կաթնամթերքի արտադրամասերից մեկում, որը մասնագիտացված է այծի կաթից կաթնամթերքի արտադրության մեջ։ 
ՔՊ-ականները Ջերմուկի համայնքապետարանում հանդիպում ունեցան նաև քաղաքի հյուրանոցային և տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Կարևոր էր հանդիպումը տեղի խաղողագործների և գինեգործների հետ։ Քննարկվեցին խաղողի մշակման և մթերման հետ կապված խնդիրներ։

Պատգամավորները խոստացան ոչ միայն արձանագրել խնդիրներն ու առաջարկները, այլև քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։  

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ տարբեր ֆորմատներով պարբերաբար իրականացնում են այցելություններ մարզեր, քանի որ ժողովրդի հետ կապը հանդիսանում է իրենց մանդատի հիմքը։ Խմբակցության ֆորմատով մարզային այցելությունները սկսել են Վայոց ձորից, ինչը շարունակական բնույթ է կրելու, լինելու են բոլոր մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Հայկ Կոնջորյանը նշեց, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որպես կանոն, նույնական են՝ կապված իրենց տնտեսական գործունեության, գյուղատնտեսական տարբեր աշխատանքների հետ։ 

Անդրադառնալով քաղաքական դաշտում քննարկվող թեմաների և մարդկանց բարձրացրած հարցերի միջև եղած խզմանը՝ Հայկ Կոնջորյանն ասաց, որ կուզեր խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացներ այն հարցերը, որոնք այս երկու օրերի ընթացքում բարձրացրին քաղաքացիները, սակայն դա չկա, և այցերի իմաստը նաև դա է, որպեսզի ապահովվի քաղաքացի-պատգամավոր կապը, ու խնդիրները հասնեն խորհրդարան և Կառավարություն։

Երկօրյա այցը եզրափակվեց Վայոց ձորի կուսակցականների հետ հանդիպմամբ։