Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության միակ «հոգսը»՝ սաբոտաժ ու տեսարաններ ապահովելով Փաշինյանին «քաղաքականապես վերացնելն» է՝ «կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու» պիտակները թութակի պես կրկնելով

Ընդդիմության միակ «հոգսը»՝ սաբոտաժ ու տեսարաններ ապահովելով Փաշինյանին «քաղաքականապես վերացնելն» է՝ «կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու» պիտակները թութակի պես կրկնելով
Քաղաքականություն
14:39, 03 март 2022
Հետեւելով խորհրդարանական ընդդիմության կեցվածքին ու պահվածքին՝ հանրության մոտ գնալով ամրապնդվում է այն համոզմունքը, որ ընդդիմության տիտղոսը յուրացրած քաղաքական խմբավորումն անելիք չունի խորհրդարանի ներսում։ Նրա միակ անելիքը խորհրդարանի աշխատանքները տապալելն է, սաբոտաժն ու սադրանքների դիմելը՝ ռեպլիկների, ելույթների ու հայտարարութունների տեսքով։ 

Իշխանությունն, օրինակ, առաջարկել է Արցախի բանակցային գործընթացի մասին փակ քննարկում կազմակերպել, ընդդիմությունը մերժել է առաջարկը՝ պահանջելով բաց եւ հրապարակային քննարկում, քաջ գիտակցելով, որ բանակցային ժառանգությունը պարունակում է նաեւ գաղտնագրված ինֆորմացիա, իշխանությունը ձեւավորել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, սակայն պատերազմի մեղավորներին բացահայտելու մարմաջով բռնված նույն ընդդիմությունը որոշել է բոյկոտել սույն հանձնաժողովի աշխատանքները՝ այն  դիտարկելով որպես իշխանության անմեղությունը բեմադրող գործիք։ Ընդդիմությունը որոշեց ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել հետեւյալ պատճառաբանությամբ՝ «ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը», երեկ ու այսօր էլ ծլկեց ԱԺ նիստերի դահլիճից ու բոյկտեց ընտրությունը, ընտրություն, որը տեղի է ունենում Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությամբ։ 

Դեստրուկտիվ «առաքելությամբ» ԱԺ-ում հայտնված խայտաբղետ շրջանակը մեկ օրակարգ ունի՝ ինչպես վերջերս անկեղծացել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության գլխավոր ինստրուկտոր, կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանին «քաղաքականապես վերացնել», իսկ վերացումը, ըստ ամենայնի, պետք է տեղի ունենա «կապիտուլյանտ», «դավաճան», «ուրացող» պիտակները վերացվողին փակցնելը, վերափակցնելը, «Արցախի 75 տոկոսը Ադրբեջանին հանձնելու» մասին շուտասելուկը անընդհատ կրկնելն ու նիստերի դահլիճում «Դլե Յաման» երգի տոնայնությունն ապահովելը։ 

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գործարար տիկին Հռիփսիմե Ստամբուլյանը, չշեղվելով վերը հիշատակված «քաղաքական կուրսից», որոշեց կեղծ անհանգստություն խաղալ՝ վարչապետին հարց ուղղելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի՝ ՀՀ-ի տնտեսության վրա ունեցած ազդեցության եւ մասնավորապես հացահատիկի մասին։

Պատգամավորի հնչեցրած հարցը վերաշարադրում ենք առանց խմբագրման․ «Չնայած գործընկերոջս հեղհեղուկ պատասխան տրվեց, բայց ես պահանջում եմ ավելի հստակ ու գործողությունների առարկայական պատասխան։ Ի թիվս բազմաթիվ այլ թանկացումների՝ ՀՀ-ում ապրիլի 1-ին կթանկանա նաեւ գազը, ընդ որում, թանկացումը առնչվելու է ոչ միայն շարքային սպառողին, այլ նաեւ տնտեսվարող սուբյեկտներին։ Ունե՞ք գնահատականներ՝ ինչ հետեւանքներ է լինելու տնտեսության վրա, արդյոք կառավարությունը քայլեր, մեխանիզմներ, ի՞նչ եք մշակում, առարկայական ի՞նչ կարող եք պատասխանել ՀՀ քաղաքացուն, մշակո՞ւմ եք սոցիալապես օգնություններ, թոշակների ավելացումներ, հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող ինչ-որ գործողություններ, քայլեր, ի՞նչ եք անում առարկայական։
Որտեւ ոչ մի առարկայական բան դուք չեք պատասխանում, պարզապես ասում եք այո, որ դուք անհանգստանում եք, ինչ-որ քայլեր կարվի։ Խնդրում եմ հստակ քաղաքացուն պատասխան տվեք, թե ինչ եք անում։ Բացի այդ՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների աղետալի հետեւանքները բոլորս էլ հասնակում ենք, որ իրենց վատ անդրադարձն են ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մասնավորապես ինձ անհանգստացնում է եւ ՀՀ քաղաքացիներին անհանգստացնում է այն հարցը, թե հացահատիկի մասով ինչ քայլեր եք ձեռնարկում, մտածե՞լ եք, որ Ռուսաստանը օր օրի ավելի խստացվում են մեխանիզմները․․․ խստացվում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, եթե հերթը գա հասնի հացահատիկի խնդրին, Ռուսաստանի կառավարությունը բնականաբար իր քաղաքացիներին է սպասարկելու։ Եւ քանի որ դուք Արցախի շուրջ 75 տոկսը հանձնեցիք թշնամուն, նաեւ թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, այս հարցը, գոնե այս մասով, անվտանգությունը ՀՀ քաղաքացու, մշակում ե՞ք՝ ոնց եք սպասարկելու, թե՞ նորից ասելու եք, որ դուք համար մեկ պատասխանատուն ենք, բայց համար մեկ մեղավորը չեք»։ Մի կողմ թողնելով բռնաբարված հայերենով ձեւակերպված սույն երկարաշունչ հարցի իմաստային, շարահյուսական կոպիտ սխալներն ու անհարթությունները՝ ֆիքսենք տիկին Ստամբուլյանի խոսույթի «բանալի» բառերը՝  «հացահատիկ» եւ «Արցախի 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն»։ Տպավորություն է, թե ԱԺ ընդդիմադիրները լավ են սերտել ոջիլի եւ ուսանողի մասին հայտնի անեկդոտն ու ԱԺ-ում բարձրացված ցանկացած հարց կարողանում են տանել, հանգեցնել «ոջիլին»։ Գրեթե համոզված ենք, որ եթե վաղը ԱԺ-ում, դիցուք, արհեստական վիժեցումների կանխարգելման, կամ էլ Մարս մոլորակի հետախուզման վերաբերյալ հարց քննարկվի, ապա «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը այս թեմաները կապելու են «Ղարաբաղը հանձնելու» ու «հանձնողների» հետ։ 
   
Արձանագրենք՝ քաղաքացիների հացի եւ մնացած սոցիալական կարիքներն ու խնդիրները  հոգալն, անշուշտ, կառավարության անելիքն է, իսկ տիկին Ստամբուլյանի եւ նրա ընդդիմադիր գործընկերների միակ ու անփոփոխելի հոգսը՝ ոչինչ չանելը, ավելի ճիշտ՝ ԱԺ-ում միկրոֆոն ծռելն ու տեսարաններ ապահովելը։ Որքան հնարավոր է՝ սկանդալային։ Եւ այս ամենը՝ իրենց թիվ մեկ՝  իշխանազավթման օրակարգը սպասարկելու համար։ 
   
Հեղինե Մանուկյան