Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ցույց է տալիս բարբարոսաբար մղվող պատերազմի նողկալի դեմքը. Բորել

Ռուսաստանը ցույց է տալիս բարբարոսաբար մղվող պատերազմի նողկալի դեմքը. Բորել
Քաղաքականություն / Աշխարհ
21:10, 04 март 2022
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը ցույց է տալիս բարբարոսաբար մղվող պատերազմի նողկալի դեմքը։

UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բորելն այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում՝ Բրյուսելում արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտահերթ նիստից առաջ։

«Այսօր մենք տեսնում ենք պատերազմի զզվելի դեմքը, որն ի հայտ է գալիս մեր սահմաններին: Իսկ ռուսները ռմբակոծում են, հրետակոծում են ամեն ինչ՝ հիվանդանոցներ, տներ, դպրոցներ: Կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր: Սա պատերազմ վարելու բարբարոսական ձև է»,- ասել է Բորելը:

Նա ասել է, որ շուտով կմեկնարկի Ուկրաինայի տարածքում մարդու իրավունքների խախտումները գնահատելու գործընթաց:

«Սա Պուտինի պատերազմն է, և Պուտինը պետք է դադարեցնի այս պատերազմը: Մենք միասնական ենք, որպեսզի խնդրենք դադարեցնել այս պատերազմը, դադարեցնել և խուսափել անմեղ մարդկանց սպանությունից», - ընդգծել է Բորելը:

ԵՄ բարձր ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինային զենք են տրամադրում հողի, իրավունքների և պետության ինքնապաշտպանության համար։

Օգնություն է ցուցաբերվում նաև Ուկրաինայի փախստականներին։ «Արդեն 1 միլիոն մարդ հատել է մեր սահմանները, և դեռ էլի են հատելու: Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, որոնք իրապես կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա: Նրա արժույթի արժեքի վրա պատժամիջոցները հսկայական հետևանքներ կունենան», - ասել է Բորելը:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի