Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հյուսիսային Հունաստանի մարզային և քաղաքային իշխանությունների հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հյուսիսային Հունաստանի մարզային և քաղաքային իշխանությունների հետ
Քաղաքականություն
19:37, 14 март 2022
Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Ստավրոս Կալաֆատիսի և Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասի հետ. այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ստավրոս Կալաֆատիսի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը քննարկեց Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարևորվեց տարբեր ուղղություններով ոլորտային համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը։ Հույն պաշտոնյան ընդգծեց, որ Սալոնիկի հայ համայնքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու և այն ավելի զարգացնելու գործում»,- հայտնում են դեսպանությունից։

Ըստ աղբյուրի՝ Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրի քաղաքի հետ կնքված քույր քաղաքների պայմանագրին առավել կենսունակություն հաղորդելու հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Հունաստանի երկրորդ քաղաքների միջև հնարավոր և անհրաժեշտ է ձևավորել կանոնավոր համագործակցություն, ինչն իր հերթին կարող է նպաստել երկկողմ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը։ Սալոնիկի քաղաքապետը մեծապես կարևորել է սալոնիկահայության ակտիվ ներգրավվածությունը քաղաքային կյանքի զարգացման տարբեր բնագավառներում։