Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը դիմելը լավ մտածված դիվանագիտական քայլ է․ Արման Բաբաջանյան․ տեսանյութ

Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս բացահայտել է Հայաստանին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների 5 կետերը։ 

ՀՀ ԱԳՆ-ն էլ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։

Նա նշեց, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ գործընթացը շատ ավելի վաղ է սկսվել, բայց Ադրբեջանն օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից, Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, փորձում է իր համար առավել նպաստավոր քաղաքական, դիվանագիտական իրավիճակ ստեղծել, ըստ էության, Ադրբեջանը պատրաստելով շատ ավելի շահեկան վիճակի հետպատերազմական իրավիճակում, քան այսօր այդ երկիրն ունի։ 

Արման Բաբաջանյանը նշեց, որ հասկանալի է, որ գնալով աճում է Թուրքիայի դերը և՛ տարածաշրջանում, և՛ հատկապես արևմուտքի համար, և՛ առավել ևս Ռուսաստանի համար, և այստեղ Ադրբեջանը հասկանում է, որ իր համար լայն հնարավորություններ են ստեղծվում։ 
«Այդտեղ Երևանը շատ հետաքրքիր քայլ է իրականացնում, ըստ էության, դիմում է այն մարմնին, որն ի սկզբանե ԵԱՀԿ-ի կողմից ստանձնել է խնդրի կարգավորումը և հաշվի առնելով նաև այսօրվա ուկրաինական ճգնաժամի բերումով Ռուսաստանի և արևմուտքի միջև սրված դիմակայությունը և հաշվի առնելով, որ այդ սրված դիմակայությանը մենք շատ ավելի երկար պատմության ականատես ենք եղել, միևնույն ժամանակ տեսել ենք, որ ՄԽ շրջանակներում արևմուտքը և Ռուսաստանը մշտապես կարողացել են անհրաժեշտ համակեցության ռեժիմում աշխատել և համաձայնության հասնել հարցերում, որ այլ պարագայում կարելի էր նույնիսկ զարմանալ, որ արևմուտքի և Ռուսաստանի միջև կարող է այդքան ներդաշնակություն լինել»,-ասաց Արման Բաբաջանյանը։

Նա նաև նշեց, որ սա Երևանի համար բացառիկ հնարավորություն է՝ հարթակ վերադարձնել խնդրի կարգավորման շուրջ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, որոնք ի սկզբանե զբաղված են եղել այս խնդրի կարգավորմամբ, և ըստ էության, պատերազմի ավարտից ի վեր նրանք մեկ անգամ են տարածաշրջան այցելել։

«Եվ հիմա մենք մշտապես վերջին շրջանում նաև Ռուսաստանի կողմից լսել ենք խնդրի կարգավորման ուղղությամբ ՄԽ-ի՝ որպես միակ մարմին, միջազգայնորեն ճանաչված հարթակ, այլընտրանք չունենալու իրողությունը։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ մտածված դիվանագիտական քայլ է, ավելին՝ հույս ունեմ, որ դա համաձայնեցված քայլ է Ռուսաստանի հետ»,-ասաց Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան