Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պատասխանները լրացնում են Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը. Արարատ Միրզոյանը՝ Գեղամ Նազարյանին

«Պարոն Նազարյան, կարծում եմ՝ տեսած կլինեք, որ դիվանագետների դեմքերին նման հանդիպումներում ժպիտ լինում է: Դա շատ ավելի ընդգծված կարող էիք տեսած լինել շատ ավելի նախկինում, մինչև 2018-ի հեղափոխությունը Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների դեմքին: Ձեր տրամաբանությամբ՝ այդ ժամանակ էլ ժպիտները վերաբերմունք են եղել առաջին պատերազմում զոհվածների և խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների նկատմամբ»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցի ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Իսկ թե ինչու էր 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակել իր օդային տարածքը պատգամավորի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքը պատրաստ է նման հարցերի մանրամասները ներկայացնել փակ ռեժիմով հանդիպմանը:

«Ես կարծում եմ, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և ահա մեր պատասխանները եկել են լրացնելու այդ օրակարգը: Եվ մեր պատասխաններում առանցքային և սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը: Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի 5 կետերից կազմված առաջարկություններին առնչվող պատգամավորի հարցին: 

Մանրամասն՝ տեսանյութում: