Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուղղակի չենք կեղծելու, դա է բանաձևը։ Ինչի՞ համար պետք է կեղծենք»․ Բադասյանի պատասխանը՝ ընտրությունները կեղծելու մեղադրանքներին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց Կառավարության անդամներին՝ կապված արտահերթ ընտրությունների հետ։ Գրիգորյանը ասաց, որ պնդումներ կան, թե Կառավարությունը կկիրառի իր լծակները՝ վարչական ռեսուրս կիրառելով կկեղծի ընտրությունները։ Բացի այն հակափաստարկը, թե 2018-ին Կապանի ընտրություններում իշխանության ներկայացուցիչը պարտվել է և ընտրությունները չեն կեղծվել, ուրիշ ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, որպեսզի բացառվի ընտրությունների հնարավոր կեղծումը։ 

Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով ասաց․ «Ուղղակի չենք կեղծելու, դա է բանաձևը։ Ինչի՞ համար պետք է կեղծենք։ 2018 թվականից հետո այդ անիվը հնարավոր չէ այլևս ետ շրջել, հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել», - ասաց նախարարը։ Անդրադառնալով մեխանիզմներին՝ Բադասյանը նշեց, որ քաղաքական կամքի մասին արդեն իսկ պատգամավորի կողմից նշվեց, որ իշխանությունն այդ կամքը ունի, իսկ իրավական տեսանկյունից, միգուցե, օրինակ քրեական օրենսգրքով փոփոխություններ կատարելով կամ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելով՝ էլ ավելի են ամրապնդելու, որպեսզի ընտրական հանցագործությունների դեպքում լինեն էֆֆեկտիվ մեխանիզմներ դրանց քննության, բացահայտման վերաբերյալ, իսկ մնացած մասով Ընտրական օրենսգիրքը, ըստ Բադասյանի, բոլոր հնարավորությունները ընձեռում է թե՛ քաղհասարակությանը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, որպեսզի վերջիններս կատարեն պատշաճ վերահսկողություն։

Արձագանքելով՝ Սրբուհի Գրիգորյանը հարցրեց, թե ի՞նչ է պատրաստվում անել Կառավարությունը, կանխելու համար հնարավոր բռնությունները, որովհետև խոսվում է, որ հնարավոր են մի քիչ ավելի լարված ընտրություններ և չեն բացառվում բռնության դեպքերը՝ հաշվի առնելով լարված ներքաղաքական իրավիճակը։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ չի կիսում այդ մտահոգությունը, իսկ ինչ վերաբերում է բռնության դեպքերի կանխմանը, ապա դրանց քննությամբ կզբաղվի ՀՀ Ոստիկանությունը։