Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեաօլիգարխիան արդեն չի թաքցնում, որ ինքն է «Դիմադրության» շարժման հետևում․ Լիսկան ընդհատակից հրահանգել է միանալ պայքարին և հաղթել «ներքին թշնամուն»

Քրեաօլիգարխիան արդեն չի թաքցնում, որ ինքն է «Դիմադրության» շարժման հետևում․ Լիսկան ընդհատակից հրահանգել է միանալ պայքարին և հաղթել «ներքին թշնամուն»
Քաղաքականություն
19:07, 08 май 2022
Ընտրությունից ընտություն Հայաստանի քաղաքացիների ձայնը գողացած և նախկին իշխանության շնորհիվ միլիարդատեր դարձած քրեաօլիգարխներն արդեն չեն թաքցնում, որ կանգնած են Արցախի փրկության անվան տակ հանդես եկող «Դիմադրության» շարժման հետևում՝ իշխանափոխության հույսով։ Քրեաօլիգարխիան այսօր ապօրինի ձեռք բերած գույքը կորցնելու շեմին է։ Բացի դա, նրանք Հայաստանում անցնում են քրեական մի շարք գործերով։
 
Երեկ ֆեյսբուքյան ուղերձ է հղել Հայաստանում հետախուզման մեջ գտնվող և Ֆրանսիայում թաքնվող Սյունիքի նախկին մարզպետ, ապօրինի գյուքի բռնագանձման և մի քանի այլ քրեական հոդվածներով Հայաստանում անցնող Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան։
 
«Մեր պայքարը վերջնական փուլն է թևակոխել, որին միացել են նաև սյունեցիները։ Ֆրանսիայի հրապարակում գիշեր֊ցերեկ պայքարի են դուրս եկել մեր հայրենակիցները։ Այնտեղ մեր կողմից վրան է տեղադրվել, որտեղ համախմբվել են Սյունիքից Երևան եկած մեր համախոհները»,-գրել է Խաչատրյանը։ 
 
Ապա նա արժանապատիվ սյունեցիներին հորդորել է միանալ վերջնական պայքարին․«Հասել է ժամը, հասունացել է պայքարը և մենք պիտի և պարտավոր ենք հաղթել ներքին թշնամուն, որ կարողանանք նորից ոտքի կանգնել և պատվով ապրել»։ 
 
Այս տարվա փետրվարին դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։
 
Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձի հրավիրվել են Գլխավոր դատախազություն: 
 
Հեղափոխությունից հետո Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ միանգամից մի քանի հոդվածներով քրեական գործեր հարուցվեցին, նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ 
 
Նրա երկու որդիներն էլ մեղադրվում էին փաստաթուղթ կեղծելու և խաբեությամբ զինծառայությունից խուսափելու համար: Կրկնակի փորձաքննություններից հետո երկուսն էլ զինծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել, քրգործերն էլ կարճվել էին։
 
Նախկին մարզպետի որդիներից մեկն էլ 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանության գործով էր անցնում, որը տեղի էր ունեցել նախկին մարզպետի տան մոտ։ Այս գործի շրջանակներում դատարանն արդարացրել էր Տիգրան Խաչատրյանին՝ նրա գործողությունները դիտարկելով որպես ինքնապաշտպանություն։
 
Հ․Գ․ Ի դեպ, Հայաստանից հեռացած Սուրիկ Խաչատրյանը սյունեցիներին ուղերձ էր հղել նաև անցյալ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրության նախաշեմին, սակայն, ինչպես տեսանք, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսանի դաշինքները խայտառակ պարտություն կրեցին Սյունիքում։

Մ․Խ․