Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որոշ ուժեր, որոնք չստացան համապատասխան քաղաքական գնահատական, շարունակում են պղտորել քաղաքական դաշտը»․ Աղասի Մարգարյան

Civic.am-ի տաղավարում այսօր մեր հյուրը քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանն է։

Մարգարյանի հետ զրույցում անդրադարձել ենք երկրում տիրող քաղաքական իրավիճակին և արտահերթ ընտրություններին։ Արդյոք արտահերթ ընտրությունները կհանգուցալուծե՞ն ստեղծված իրավիճակը, և ընտրություններին մասնակցող ուժերը ի՞նչ պետք է առաջարկեն քաղաքացիների այն հատվածին, որոնք ցանկանում են կատարել գաղափարական ընտրություն։

Աղասի Մարգարյանը նշեց, որ երկրում քաղաքական ճգնաժամը նոր չէ և չի առաջացել պատերազմից հետո։ Սկսած 1998 թվականի «պալատական հեղաշրջումից» երկիրը եղել է պերմանենտ ճգնաժամերի մեջ, որոնք ինչ-որ պահերի լիցքաթափվել են, ապա նորից գոյացել։ 2018-ին, ըստ Մարգարյանի, մենք գտանք հանգուցալուծումը, սակայն մենք դեռ խնդրի փնտրտուքների մեջ ենք։

«Այստեղ դեր է խաղում մեր քաղաքական սպեկտորի ողջ խեղվածությունը։ 2000-ականներից սկսած քոչարյանական, իսկ  հետո էլ սարգսյանական վարչակարգերը բուծեցին բազմաթիվ, այսպես ասած, գրպանային ընդդիմություններ, արհեստակցական քաղաքական կուսակցություններ, սփոյլեր կուսակցություններ, ինչը արվում էր շատ մտածված և հստակ խնդիրներ լուծելու համար։ Արդյունքում մենք ունեցանք բացարձակ կառավարելի հիմունքներով, կանխատեսելի քաղաքական դաշտ։ Դա էր նաև պատճառը, որ Հայաստանում մշտապես եղել է ընտրությունների լեգիտիմության խնդիր»,- ասաց Մարգարյանը։

Պետությունը, ըստ Մարգարյանի, պետք է ստեղծի համապատասխան պայմաններ քաղաքական դաշտի մաքրման համար։ Այդպիսի գործիքներ են՝ կուսակցությունների մասին օրենքը, Սահմանադրական փոփոխությունները և Ընտրական օրենսգիրքը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, Մարգարյանը նշեց, որ տպավորություն ունի, թե դրա փոփոխության շուրջ ևս խորհրդարանական ուժերի միջև կա կոնսենսուս։ Ամեն դեպքում, ըստ Մարգարյանի, 2018-ի ընտրությունները ապացուցեցին, որ կարելի է կազմակերպել լավ որակով ընտրություններ ցանկացած օրենսգրքով։ Ի վերջո, ըստ վերլուծաբանի, հայաստանյան քաղաքական մշակույթում ցանկացած ընտրակարգի պարագայում ընտրությունները պայքար են առաջնորդների, անհատների և անձերի միջև։

«Մենք համեմատաբար փոքր հասարակություն ենք և անկախ ընտրակարգերից մեր հանրությունը առավելապես միտված է անհատներին ընտրելու։ Ես չեմ էլ ուզում պնդել, որ համամասնական ընտրակարգի անցումը մեզ միանգամից կբերի ինչ-որ քաղաքական պայքարի որակական կտրուկ փոփոխության»,- ասաց Աղասի Մարգարյանը։

«Առաջիկա նախընտրական քարոզարշավը առանձնանալու է ապատեղեկատվության, կեղծիքների և մեդիամանիպուլյացիաների հսկայական չափաբաժնով, բայց այդ ապատեղեկատվությունն ու սև փիառը ընտրական գործընթացների ուղեկիցներն են», - անդրադառնալով առաջիկա նախընտրական քարոզարշավին, ասաց Մարգարյանը։

Ըստ վերլուծաբանի, քաղաքացիները, որոնք ցանկանում են կատարել գաղափարական ընտրություն, պետք է քաղաքական ուժերից ակնկալեն բովանդակային քաղաքականություն։ Սակայն որոշ ուժեր, որոնք չստացան համապատասխան քաղաքական գնահատական, շարունակում են պղտորել քաղաքական դաշտը։

«Կան նախորդ վարչակարգի քաղաքական ուժի ներկայացուցիչներ և նրանց ածանցյալ ինչ-որ շրջանակներ, որոնք որդեգրել են ոչ թե բուն քաղաքական բանավեճի սկզբունքները, այլ ամենասովորական, երբեմն՝ փողոցային հայհոյախոսության տարբերակը, և բնականաբար, այդ հայհոյախոսությունից իշխանության կամ հակառակորդ կողմի ներկայացուցիչների նյարդերը տեղի են տալիս, և մենք ականատես ենք լինում ապաքաղաքական և բավականին ցածր մակարդակի բանավեճի», - նշեց Մարգարյանը։

Ըստ վերլուծաբանի, պետք է այդ ուժերին, այդ մարդկանց թողնել որպեսզի վերջիններս շարունակաբար մնան իրենց հայհոյախոսության մեջ, որովհետև պատասխանելու դեպքում կհայտնվես իրենց մակարդակում։

«Քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները մի քանի օր առաջ քաղաքացիներին էին ադրբեջանցի անվանում։ Դա աբսուրդ է։ Նախ՝ կոռեկտ չէ, որովհետև քո ընդդիմադրին անվանել քո հարևան ազգի ներկայացուցչի էթնիկ ինքնությամբ՝ անգրագիտություն է, անմակարդակություն է և կոռեկտ չէ»,- ասաց Մարգարյանը։

Գաղափարական ընտրություն կատարել պատրաստվող մարդկանց գործը պետք է հեշտացնեն այն քաղաքական ուժերը, որոնք ունեն այդ գաղափարական և քաղաքական խոսքն ասելու հավակնություն, ինչը, իհարկե, դժվար է լինելու։ «Քաղաքականությունը շարունակական պայքար է, և այդ պայքարը պետք է միտված լինի այնքան բարձր արտաբերել այդ քաղաքական տեքստը, որ խլացնի հայհոյախոսությունը», - եզրափակեց Աղասի Մարգարյանը։
 
Մանրամասները՝ տեսանյությում:
 
Վովա Հակոբյան