Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Ապիտոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան անդրադարձել են ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին

Արտակ Ապիտոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան անդրադարձել են ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին
Քաղաքականություն / Մշակույթ
21:47, 25 март 2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։

«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվեց, որ այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:

Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:

Ընդգծվեց, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: Շեշտվեց առաքելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և 1954թ․ Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությունում վերահաստատված ձևաչափով անցկացնելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: