Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շանս ենք տալիս ընդդիմադիր պատգամավորներին, որ սեպտեմբերին վերադառնան և արդարացնեն իրենց ձայն տված քաղաքացիների քվեն. Արթուր Հովհաննիսյան

Երեկ տեղի ունեցած ԱԺ խորհրդի արտահերթ նիստից հետո տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով «Քաղաքացիական պայմանագիրը» չի դիմի Սահմանադրական դատարան: Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ 

«Ես կարծում եմ, ելնելով նաև այս գործընթացից ընդդիմադիրների ոգևորությունից, որ ընդդիմադիրներն ամեն ինչ անում էին, որպեսզի զրկվեին մանդատներից, և ըստ էության ընդդիմադիրներին մանդատից զրկելու այս գործընթացը կարելի է բնութագրել որպես փրկօղակ՝ ԱԺ-ից փախչելու համար։ Բայց եթե ընդդիմությունը ցանկանում է փախչել ԱԺ-ից, ապա նրանք շատ հանգիստ կարող են հրաժարվել իրենց մանդատներից, գնալ զբաղվել իրենց գործով, հանգստանալ տարբեր տեղերում, իրենց բիզնեսներով զբաղվել և այլն, մենք նրանց այդ փրկօղակը չենք նետելու»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Արթուր Հովհաննիսյանը նաև ասաց, որ եթե փորձեն հարցին մեկ այլ դիտանկյունից նայել, ապա ընդդիմադիր պատգամավորները ըստ էության խորհրդարանական վերջին ընտրություններում ստացել են ՀՀ քաղաքացիների քվեն, և նրանք պետք է սպասարկեն ՀՀ քաղաքացիների քվեն, պետք է արդարացնեն իրենց ստացած աշխատավարձերը, և իրենք շանս են տալիս նրանց, որպեսզի նրանք սեպտեմբերին վերադառնան և արդարացնեն իրենց ձայն տված քաղաքացիների քվեն։

«Մենք, որպես իշխող մեծամասնություն, պատասխանատվություն ենք կրում ՀՀ բոլոր քաղաքացիների համար, այդ թվում՝ այն քաղաքացիների, որոնք մեզ չեն ընտրել։ Մեր գործունեությունն ԱԺ-ում սպասարկում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը։ Մեր ընդունած օրենքները միայն մեզ ընտրողների մասին չեն, այլև ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների, նաև ընդդիմադիր պատգամավորների մասին են։ Ուստի մենք առաջնորդվել ենք շրջահայացությամբ, մենք չենք տրվել էմոցիաներին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան