Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Քաղաքականություն
19:18, 13 сентябрь 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների առաջնորդները սեպտեմբերի 13-ի երեկոյան կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Московский комсомолец» լրատվամիջոցը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հայկական կողմի խնդրանքով այսօր ժամը 18: 30-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով», - ասել է նա:

Ուշակովի խոսքով՝ քննարկումը տեղի կունենա փակ ռեժիմով, սակայն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը լրատվամիջոցներին կտեղեկացնի ընդունված որոշումների մասին։ Առանձին հայտարարություն կարող է տարածել նաև ռուսական կողմը։
Ուշակովը հիշեցրել է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ սեպտեմբերի 16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի նախագահի երկկողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ուշակովի խոսքով՝ Մոսկվան Բաքվին եւ Երեւանին զսպվածության կոչ է անում։ Նա ասել է, որ կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: