Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ միջանցքի մասին է խոսում Զատուլինը՝ նենգափոխելով Պուտինի կազմած փաստաթուղթը. անհիմն մեղադրանքներ հնչեցնելով ռուս պաշտոնյան իշխանափոխության «հրահանգ» է իջեցնում

Ի՞նչ միջանցքի մասին է խոսում Զատուլինը՝ նենգափոխելով Պուտինի կազմած փաստաթուղթը. անհիմն մեղադրանքներ հնչեցնելով ռուս պաշտոնյան իշխանափոխության «հրահանգ» է իջեցնում
Քաղաքականություն
17:49, 18 октябрь 2022
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը հարցազրւյց է տվել «Երկիր մեդիա»-ին և մի շարք մտահոգիչ  դիտարկումներ հայտնել՝ տողատակերում էլ խոսելով  ՀՀ-ում իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ որպես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վստահության ռելսերի վրա դնելու երաշխիք։ Ռուս պաշտոնյան, որը վարժ տիրապետում է  պրոպագանդայի գործիքներին ու դրանք բանեցնելու նյուանսներին, շատ լավ գիտի, թե ինչպիսի զգայուն թեմա է այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» թեման, և ինչպիսի հուզումներ է այն ամեն անգամ առաջացնում հայ հասարակության շրջանում։ Ու քանի որ լավ գիտի,  որոշել է այդ թեման շահարկելով՝  կրքեր բորբոքել Հայաստանում։ 

(Եվ ինչն է հատկանշականը՝ իր ասելիքը հայ հասարակությանը հասցնելու համար  օգտագործվել է հայկական հեռուստաալիքը, որն իր հերթին ռեպորտաժ է պատրաստել միջանցքի թեմայով՝ արժանահավատ  համարելով  նաև Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների ասածները, այսինքն՝ թշնամական  պրոպագանդան։  Ռուսական հեռուստաալիքների եթերում էլ, ի դեպ,  ՀՀ գործող իշխանության հասցեին իրականացվող կեղտոտ քարոզչության հիմնական կատարողները  դարձյալ  հայկական ծագում ունեն։  Այսինքն՝ Հայաստանը տվյալ իրավիճակում  հայհոյվում է ծագումով  հայերի շուրթերով կամ էլ հայկական ծագման ԶԼՄ-ներով։ Ահա և արյուն պղտորող պրոպագանդայի աշխատաոճը)։ 
     
Պարոն Զատուլինը, վստահ ենք ու համոզված, նվազագույնը մեկ անգամ ընթերցել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը, և կարող ենք պնդել, որ այնտեղ  «Զանգեզուրի միջանցք» կապակցություն չի հայտնաբերել, այն պարզ պատճառով, որ նման կապակցություն հայտարարության մեջ պարզապես չկա։  Փոխարենը այդ արհեստական  կապակցությունն   ամեն օր հոլովվում է հայտարարության կողմերից մեկի՝ Ադրբեջանի և նրա ավագ եղբայր Թուրքիայի ղեկավարների շուրթերով և վերջնագրեր ներկայացվում Հայաստանին։ Արդ, ինչո՞ւ է պարոն Զատուլինը, որը հայտարարության երաշխավորի և երրորդ կողմի՝ ՌԴ-ի ներկայացուցիչն է, զբաղվում պարոն Պուտինի կազմած փաստաթղթի բովանդակությունը  նենգափոխելով և ադրբեջանա-թուրքական պրոպագանդային մաս կազմելով։

Ռուս պաշտոնյան իշխանափոխության մարմաջով  տառապող  ՀՅԴ-ի քարոզչական  օրգանին տված հարցազրույցում, ըստ էության, ստում է՝ հայտարարելով, թե  Նիկոլ Փաշինյանը «ստորագրել է միջանցքը»։ «ՌԴ-ն բացարձակապես այդ միջանցքի բացման գլխավոր շահագրգիռ կողմը չէ, այդ կողմը Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»,- նշել է ռուս պատգամավորը՝ փաստորեն,  խոստովանելով, որ ՌԴ-ն նույնպես ենթադրյալ միջանցքի բացման «շահագրգիռ կողմ» է, միայն թե՝ ոչ գլխավոր։  Գլխավորը, փաստորեն, Թուրքիան ու Ադրբեջանն են։  ««Միջանցքը» ստորագրել է Փաշինյանը, եթե դուք կարծում եք, որ նա պետք է շարունակի կառավարության ղեկին մնալ, ՌԴ-ն ի՞նչ կապ ունի։ Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագիրը։ Հայկական կողմից դա եղել է Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում»։ 

Նույն Զատուլինն,  ի դեպ, մոտ մեկ տարի առաջ «TV Gazeta»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե  «Հայաստանի տարածքում այս կամ այն միջանցքի բացումը կամ փակումը հենց Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքական ղեկավարության»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում պարոն Զատուլինը, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև որևէ համաձայնագիր չի ստորագրվել, որն էլ, ենթադրաբար, պետք է պարունակեր միջանցքի մասին կետ կամ դրույթ։ Եթե պարոն Զատուլինը համաձայնագիր ասելով նկատի ունի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա այդտեղ էլ «թարսի պես»  չկա որևէ հիշատակում։ ՀՀ կառավարություն էլ, ի դեմս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, անհաշվելի անգամ հայտարարել է, որ միջանցք չի տրվելու որևէ մեկին, միջանցք՝ «նիխտ»։  Փաստորեն, տեքստեր կարդալ-ընկալելու  լրջագույն խնդիր ունի  ոչ միայն Ալիևը, այլ  նաև պարոն Զատուլինը։  Ալիևը, սակայն, մի բանով է տարբերվում Զատուլինից, որ սպառնում է «միջանցքը» և իր մնացած բոլոր կապրիզները չկատարելու դեպքում դիմել նոր ռազմական ագրեսիայի,  իսկ ահա Զատուլինը սպառնում է հայ հասարակությանը իր կողմից ընտրված  իշխանությանը պարտադրվելիք հրաժարականով։  Եվ պատահական չէ, որ նման հաթաթաները հնչեցվում են  Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժի լրատվամիջոցով։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղիղ հրահանգ հայաստանյան ընդդիմությանը՝ «միջանցքի ստորագրման» թեման շահարկելով, ստորագրողի անձը թիրախավորելով՝   կրկին դուրս գալ փողոց ու  հաշիվ  պահանջել ստորագրողից։ 

Այն, որ պարոն Զատուլինը ՀՀ-ում փորձում է իշխանափոխություն բզբզալ, ապացուցվում է նրա մեկ այլ հայտարարությամբ։  Իր դժգոհությունը հայտնելով ԵՄ միջնորդությամբ ընթացող  գործընթացի մասին՝ Զատուլինը նշում է, թե այն իրենց հաճույք չի պատճառում։

Իսկ այն, ինչ տհաճ է ՌԴ-ին, չի կարող հաճույք պատճառել Հայաստանին՝  ի դեմս դիտորդական առաքելության տեղակայման, հետևապես ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի պատժելու իր տհաճության պատճառից օգուտներ քաղել  փորձողին՝  ՀՀ-ին։  «Ինձ թվում է այն, ինչ մինչև հիմա խնդիրներ է առաջացնում Հայաստանում, դա ներքին իրավիճակի անորոշությունն է։  Ֆորմալ առումով այն կարծես թե պարզ է՝ խորհրդարանական մեծամասնությունը  Նիկոլ Փաշինյանի կողմից  է, իսկ իր՝ Փաշինյանի և նրա կողմնակիցների, նրան աջակցողների դեգերումները, նրանց՝ որոշ դեպքերում  թշնամական   վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ, որն արտահայտվում է հատկապես  այս օրերին, դա խնդիրներ է ստեղծում, որպեսզի մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ ի դեմս գործող կառավարության»։

Պարոն Զատուլինը, խոսելով Փաշինյանի և նրա կողմնակիցների թշնամական վերաբերմունքի մասին, ոչ մի կոնկրետ փաստ չի վկայակոչում, որոնք կապացուցեին այդպիսի վերաբերմունքը։ Չի վկայակոչում,  քանի որ դրանք պարզապես գոյություն չունեն։  Իսկ եթե թշնամական վերաբերմունքի  դրսևորում է համարվում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը դաշնակից երկրի իր պաշտոնակից Լավրովի  հետ հանդիպման ժամանակ, կամ էլ  Աստանայում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ապա  օբյեկտիվ չէ  թշնամանք անվանել իրերն իրենց անուններով կոչելը, անառարկելի  փաստերի հիման վրա հետևություններ անելը։ 
 
Ինչ վերաբերում է Զատուլինի՝ դիվանագիտական էթիկան խախտող դիտարկմանը՝  ՀՀ ներքին իրավիճակի անորոշության, կառավարությանը չվստահելու  մասին,  ապա թույլ տվեք ասել, որ գործող կառավարությունը ձևավորվել է ոչ թե ռուս պաշտոնյաների ճաշակով, այլ ՀՀ քաղաքացիների տված վստահության  քվեի միջոցով, որոնք լիազորել են իրականացնել այն քաղաքականությունը, որն էլ իրականացվում է։  Ի դեպ՝ վստահության մասին. պարոն Զատուլինը թերևս  «Երկիր Մեդիային» կամ մեկ այլ կազմակերպության հարցում պատվիրի այն մասին, թե   ՀՀ քաղաքացիները ի՞նչ չափով են վստահում Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրին՝ ՌԴ-ին՝ հատկապես 44-օրյա պատերազմից  և մասնավորապես Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայից հետո։ Օբյեկտիվ իրականությունն իմանալը գուցե շոկային լինի պարոն Զատուլինի համար և  ստիպի վերջինիս դիվանագիտական զսպվածություն ցուցաբերել  դաշնակից երկրի մասին  հրապարակավ արտահայտվելիս և չմիջամտել վերջինիս  ներքին  գործերին։ 

Հ.Գ. Հիշեցնենք, որ Զատուլինը սեպտեմբերի կեսերին ՀՀ-ում  էր և հանդիպել է  նախկին նախագահ Ռ. Քոչարյանին և Արցախի նախկին նախագահներին:  Այս տարվա հունվարին ռուս պաշտոնյան  հայտարարել էր, թե «լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար»։

Ելենա Ազատյան