Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Զատուլինը ճիշտ կանի անձամբ ծանոթանա նոյեմբերի 9-ի պայմանագրին, որպեսզի վստահ լինի, որ հենց դա է կարդացել․ Ծովինար Վարդանյան․ տեսանյութ

«Միջխորհրդարանական միության 145-րդ համաժողովին մեր պատվիրակությունը բավականին ակտիվ է աշխատել։ Ես և իմ գործընկերներից Հասմիկ Հակոբյանը նաև ելույթ ենք ունեցել, որի ընթացքում ներկայացրել ենք Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ 

Պատգամավորը նշեց, որ պատվիրակությունն ունեցել է նաև մասնավոր հանդիպումներ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունների նախաձեռնությամբ հանդիպումներ են ունեցել մեր պատվիրակության հետ, ինչպես նաև հենց Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն է նախաձեռնել առանձին հանդիպում հայկական պատվիրակության հետ, և հիմնական հարցերը հենց վերաբերում էին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ 

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ հայկական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն է նոյեմբերի 9-ին ստորագրել միջանցքի մասին հայտարարությունը, պատգամավորն ասաց. «Ես տեղյակ չէի նման հայտարարություններից, բայց նախ պետք է նշեմ, որ Օվերչուկը մի քանի անգամ, այդ թվում վերջերս նշել է, որ որևէ միջանցք չի նախատեսվում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, և պարոն Զատուլինն էլ ճիշտ կանի անձամբ ծանոթանա պայմանագրին և ևս մեկ անգամ ընթերցի, գուցե ընթերցանության ընթացքում որևէ բան բաց է թողել կամ ավելի է  կարդացել, որպեսզի վստահ լինի, որ ինքը կարդացել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»։  

Պատգամավորը մեկնաբանեց նաև Զատուլինի այն հայտարարությունը, որ Ռուսաստանից միջանցքի վերաբերյալ որևէ բան պետք չի պահանջել, քանի որ իրենք միջանցքի մասին ոչինչ չեն խոսում, այլ հայ ժողովուրդը, որն անցյալ տարի ձայն տվեց Փաշինյանին, և նա, ստանալով ձայների մեծամասնությունը, ստանձնեց պետության կառավարումը, հենց նրանից պետք է պարզաբանում պահանջի, թե ինչ է ստորագրել: Այս առնչությամբ Ծովինար Վարդանյանն ասաց՝ ամեն երկրի պատգամավոր պետք է մնա կոռեկտության սահմաններում և այլ երկրի ներքաղաքական գործընթացներին գնահատականներ տալուց զերծ մնա, մանավանդ մեր երկրի, որտեղ ընտրությունները ստացել են ժողովրդավարության և թափանցիկության գնահատականը տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից։

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին ենթադրում է, որ մասնակցած կլինեն նաև Ռուսաստանից ժամանած դիտորդներ, ուստի կարծում է, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր երկրի ներքին քաղաքական գործընթացներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան