Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի նպատակն էր, որպեսզի հայկական կողմը կրակ բացելու պատասխանատվությունը ստանձներ, սակայն հայկական կողմը չի արել այն, ինչ ակնկալում էր Բաքուն. Ստյոպա Սաֆարյան

Ալիևի նպատակն էր, որպեսզի հայկական կողմը կրակ բացելու պատասխանատվությունը ստանձներ, սակայն հայկական կողմը չի արել այն, ինչ ակնկալում էր Բաքուն. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
23:13, 14 май 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն վերլուծությունը, որի հիման վրա որոշում է ընդունվել չկրակել սահմանախախտ ադրբեջանական հրոսակախմբերի վրա։ Երեկվանից այս հարցը բաց էր բոլորիս համար․․․ Ըստ այդ վերլուծության /ես այս պահին, չտիրապետելով ողջ տեղեկությանը, գնահատական չեմ կարող տալ այդ վերլուծության անխոցելիության կամ հակառակի առումով և միայն կշարադրեմ այն/ Ադրբեջանի հետապնդած նպատակը չի եղել մի քանի բլուրների տիրանալը, այլ Զանգեզուրյան միջանցքի ստեղծելը՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ամենակարճ տարածության վրա, որը սկսվում է մեր Սև լճից մինչև Նախիջևան։ Դա անելու համար, ըստ ներկայացվածի, Ադրբեջանը հետապնդել է նպատակ, որ հայկական կողմը կրակ կբացի ու էսկալացիայի և միգուցե անգամ պատերազմի թոհուբոհի մեջ կողմերի միջև "ճիշտ ու սխալ" անելու գործընթացում այլևս հնարավոր չի լինի պարզել, որ սահմանախախտ կողմն իրենք են /ագրեսորներն իրենց մոտ ունեցել են կեղծ քարտեզներ/, կներկայացվի, թե իրենք եկել են քարտեզով սահման ճշտելու, իսկ հայերը, խախտելով եռակողմ հայտարարությունը, կրակել են "խաղաղ և սահման ճշտող ադրբեջանցիների վրա" /Ադրբեջանի սահմանապահ ծառայության երեկվա ու այսօրվա հայտարարությունը դրա մասին է, թե սահման էին ճշտում, ինչը հաստատում է ասվածը/։

Արդյունքում Հայաստանը ստանձնում էր հրադադարը խախտող կողմի համբավ, բնականաբար Ռուսաստանը զայրանում էր իր դեմ գործած դաշնակցի վրա և պաշտպանության չէր արժանացնում, և թուրքն իր սև գործը հասցնում էր ավարտին։ Իսկ այդ նպատակի համար Ադրբեջանը քողարկիչ քայլեր է արել՝ զորավարժության անվան տակ տեղաշարժել է 15,000-անոց զորք, որը պատերազմի մեջ կմտներ "հակաահաբեկչական օպերացիայի" շղարշով։

Մոտավորապես, սա էր վարչապետի ասած ու չասած տեքստը։ 

Ըստ այդ վերլուծության, Հայաստանը չի արել այն, ինչ պլանավորել է Ադրբեջանը, արդյունքում ստանալով հարցը լուծելու երկու ուղղություն՝ ՀԱՊԿ/Ռուսաստան, որի հետ համընկնում են Հայաստանի "քարտեզային դիրքերը", և արևմտյան ուղղություն՝ ի դեմս Ֆրանսիայի երկու առաջարկի, այն է՝ հարցը քննարկել ՄԱԿ ԱԽ-ում և ստանալ Ֆրանսիայի ռազմական աջակցությունը։ Պարզվում է նաև, որ երեկ ադրբեջանցիները այս ճնշման տակ ստանձնել են ետ գնալու պարտավորություն, ինչը չեն կատարել մեկ օրվա ընթացքում,  բացառությամբ մի քանի վայրերի, և ինչպես ՊՆ նախարարը հայտարարեց՝ Սև լճի հատվածում հայտնվել են շրջափակման մեջ ու ըստ պայմանավորվածության՝ մինչև ելակետային դիրքեր նահանջելու պարտավորության տակ։ Ադրբեջանի սահմանային ծառայության այսօրվա հայտարարության տեքստում նկատելի են նահանջի տողատակը, թե իբր հայկական կողմին անհանգստացրել են իրենց սահմանաճշտման աշխատանքները և իրենք քննարկում են այդ հարցերը․․․ Փաստացի, կարծեք թե Ալիևի պլանավորած լայնամասշտաբ սադրանքը, որի պատասխանատվությունը պետք է ընկներ Հայաստանի վրա՝ դրանից բխող հետևանքներով, չի իրականանում․․․ 

Բայց ամենակարևոր ու մտահոգիչ հարցը այս ամենում կապված է մեր հետ․ եթե Ալիևի հետապնդած նպատակն էր, որպեսզի հայկական կողմը կրակ բացելու պատասխանատվությունը ստանձներ, սակայն հայկական կողմը չի արել այն, ինչ ակնկալում էր Բաքուն, այդ դեպքում սարսափելի է մտածել, որ Հայաստանի ընդդիմադիր կայքերի կողմից նույն օրը տարածած "լայվ տեղակատվական հեռարձակումը" Սյունիքում ու Գեղարքունիքում ծավալվող մարտերի և վիրավորների մասին կապ ուներ Ալիևի հաշվարկի կամ նրա հետ, ինչ ակնկալում էր նա․․․ Այդ ամենի օրգանիկ կապի մասին մտածելն անգամ սարսափելի է․․․ Ինչո՞ւ էին Հայաստանի որոշ ընդդիմադիր կայքեր գրում հենց այն և այն տեսքով, ինչ ուզում էր Ալիևը․․․ Ի վերջո, նրանք կարող էին գրել, որ "Ադրբեջանը առաջացել է ու ներխուժել է Հայաստանի տարածք ապիկար իշխանությունների պատճառով"․․․ Բայց դրա փոխարեն նրանք գրում էին սկսված պատերազմի ու մարտերի մասին․․․․ 

Կներեք, նախատրամադրվածության կամ կանխակալ վերաբերմունքի հարց չէ․․․ Սոսկ չոր փաստեր ու դրանց համադրություն․․․․