Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանին

Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանին
Քաղաքականություն
20:32, 24 май 2021
Մայիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Կիև) Դրագիցա Պոնորացին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

«Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև՝ հաջողություն իր կարևոր առաքելության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման նպատակով, և կնպաստի հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելուն:
Զրուցակիցները քննարկեցին հայ-չեռնոգորական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վրա՝ ակնկալելով միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքը։

Ավետ Ադոնցը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում: