Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրակաշառք բաժանելու մասին լուրեր տարածվում են հայտնի շրջանակների հետ կապված․ ինձ զեկուցել են, որ կա 2-3 օպերատիվ գործ․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

«Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանում լուր կա, որ իշխանությունը կամ իշխող կուսակցությունը ընտրակաշառքների հետ կապված ինչ-որ բան է անում։ Լուրեր տարածվում են Ձեզ եւ մեզ հայտնի շրջանակների հետ կապված», - այս մասին Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի ունեցած տեղեկությունը, որ արդեն գումարներ են շրջանառվում ընտրակաշառքի տեսքով եւ որ նույնիսկ գումարի չափ են ասում՝ 100 դոլար։

«Դուք մի կարեւոր նրբություն մոռացաք նշել, որ խոսքը չի գնում այն մասին, որ իշխանությունների կողմից է դա արվում։ Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանում լուր կա, որ իշխանությունը կամ իշխող կուսակցությունը ընտրակաշառքների հետ կապված ինչ-որ բան է անում։ Լուրեր տարածվում են Ձեզ  եւ մեզ հայտնի շրջանակների հետ կապված, այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հույս ունեն հին ավանդույթների տրամաբանությունը վերականգնել՝ ես անկեղծ ասած խորհուրդ չեմ տա, որովհետեւ չեմ կարծում, թե ապագա համաներումները ընտրակաշառքի հոդվածի վրա տարածվելու են», - ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ ընտրակաշառք խոստանալն է արդեն համարվում քրեական հանցագործություն եւ ծանր պատասխանատվություն է ենթադրում։ 

«Ինձ զեկուցել են, որ արդեն կա 2-3 օպերատիվ գործ մի քանի ուղղություններով, այդ անձանց շրջանակը պարզված է, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի վերաբերյալ, նրանց նկատմամբ օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք բնականաբար չեն կռահում։ Կարող եք հանգիստ լինել այդ առումով, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն», - նշեց նա։

Սարգիս Ալեքսանյանը արձագանքեց, որ ամենեւին նկատի չուներ Կառավարությանը կամ իշխանությանը․ «Հասարակության մեջ շրջանառվող լուրերի մասին էի հարցնում եւ նույնիսկ այդ լուրերը ընտրության արդյունքների վրա ստվեր են գցում եւ նախապես պետք է այդ հարցը լուծել»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք այդպիսի կասկածներ չունենք Ձեր նկատմամբ եւ Դուք էլ մեր նկատմամբ։ Իշխանությունը եւ ընդդիմության մի բավականին մեծ հատված իրար չեն կասկածում ընտրակաշառք բաժանելու մտադրություն ունենալու մեջ։ Այս փաստը նշանակում է, որ մենք այս հարցում իրար հետ համագործակցելու ոչ մի սահմանափակում չունենք եւ սա կարեւոր երաշխիք է, որ մենք այս հարցում փոխվստահության մթնոլորտը լրջորեն պահենք այս հարցում։ Համոզված եղեք, որ որեւէ այդիպիսի մեխանիզմ չի կարող գործել»։ 

Նա նշեց, որ եթե այլ հարցերում «Իմ քայլը» եւ ԼՀԿ-ն հեռավորություն են պահում իրարից՝ այս հարցում  հստակ, հրապարակային համագործակցելու դեպքում արդյունքներ արձանագրեն։