Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այսօրվա հանրահավաքում կշոշափվի ՀՀ նախագահի իմպիչմենթի հարցը․ ելքը արտահերթ ընտրություններն են»․ քաղաքագետ

«Այսօրվա հանրահավաքում կշոշափվի ՀՀ նախագահի իմպիչմենթի հարցը․ ելքը արտահերթ ընտրություններն են»․ քաղաքագետ
Քաղաքականություն
14:13, 01 март 2021
Այսօր Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաք- երթից ակնկալիքների մասին Civic.am –ը զրուցեց քաղաքագետների հետ։ 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այսօր սպասվելիք հանրահավաքում ոչ միայն կխոսվի Մարտի 1-ի իրադարձությունների մասին, այլև կշոշափվի հանրապետության նախագահի որդեգրած պահվածքը ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկի հետ կապված։
«Ասեմ, որ ես շատ զարմացած եմ, որ նախագահը չստորագրեց վարչապետի առաջարկը։ Քանի որ մեր Սահամանադրության համաձայն, նախագահի լիազորությունները սահմանափակ են․ երբ անձերի հարց է գնում՝ նշանակումներ անել, պաշտոնանկ անել, նախագահի գլխավոր ֆունկցիան վարչապետի հրամանագիրը ստորագրելը կամ չստորագրելն է լինում։ Առարկությունները տարածվում են հիմնականում օրենսդրական ակտերի վրա։ Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ է, բայց Սահմանադրությունը դա է պահանջում»,-նշեց քաղաքագետը։ 

Նրա հիշեցմամբ՝ երբ օրենք է ընդունում Ազգային Ժողովը, այդ օրենքը վավերացման են ուղարկում նախագահին, և եղել են օրինակներ, երբ նախագահը դրանք ուղարկել է Սահմանադրական դատարան՝ ստուգելու համար, կամ հետ է ուղարկել վարչապետին, որպեսզի նորից հետ ուղարկի ԱԺ։ 

«Բայց անձերի հետ կապված, ես շատ զարմացած եմ և, կարծում եմ, անպայման այսօր կքննարկվի այդ հարցը, և նախագահի պահվածքի հետ կապված, նույնիսկ, կշոշափվի իմպիչմենթի հարց», - նշեց քաղաքագետը։

Պարոն Գրիգորյանը վստահ է, որ արտահերթ ընտրությունները իրավիճակի միակ լուծումը կարող են լինել, եթե նախագահ Սարգսյանը այդպես էլ չստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու վարչապետի երկրորդ առաջարկը։
Հարցին, թե բացի արտահերթ ընտրությունների մասին առաջարկությունից, իշխանությունը չպե՞տք է արդյոք հստակ որոշում կայացնի և ընտրությունների օր նշանակի, Գրիգորյանը պատասխանեց․ «Այո, իշխանությունը պետք է միակողմանի որոշում ընդունի և նշանակի արտահերթ ընտրություններ։ Ես համաձայն եմ այդ կարծիքի հետ, որ իշխանությունները ԱԺ-ում ունեն գերակշռող մեծամասնություն և կարող են միակողմանի քայլերի գնալ։ Կարող են շատ արագ փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում, դա ուղղակի 1-2 շաբաթվա հարց է, և նշանակել արտահերթ ընտրություններ»։ 

Միևնույն ժամանակ քաղաքագետը չի տեսնում ռադիկալ ընդդիմության մոտ ցանկություն՝ ընտրությունների գնալու։ «Նրանք կասկածներ ունեն, որ բավարար ձայներ չեն ստանա, ու դա է պատճառը, որ գնում են այլ ճանապարհով․ ստիպում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Ցանկացած դեպքում, եթե նորմալ ընտրություններ կազմակերպվեն, նախկինները չեն անցնի Ազգային Ժողով։ Գլոբալ լուծումը՝ ինչքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ կազմակերպելն է», - նշեց քաղաքագետը։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ այսօր առաջնային խնդիրը բախումների բացառումն է, իսկ արտահերթ ընտրությունների հույս քաղաքագետը չունի։ 

«Միակ սպասելիքս այն է, որ բախումներ, այնուամենայնիվ, չեն լինի։ Իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարություն չեմ սպասում։ Ավելին, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ այսօրվա հանրահավաքը մարդաշատ է, ավելի կբարձրացնի «խաղադրույքները», կգնա մինչև վերջ, ավելի կսրի իրավիճակը և ամենինչ կանի՝ իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար»,- նշեց նա։

Հարցին, թե այս իրավիճակում ինչ լուծում է տեսնում, Բաղդասարյանը նշեց, որ լուծումը մեկն է, անհապաղ հրավիրել արտահերթ ընտրություններ․ - «Դա ամենաողջամիտ ելքն է, բայց չեմ կարծում, թե իշխանությունները կգնանք այդ ողջամիտ քայլին, քանի որ վերջին շրջանում նրանց գործողությունները ցույց են տալիս, որ նրանք լիովին կտրվել են իրականությունից և  ամենինչ անելու են բացառապես իրենց շահերի համար, որպեսզի պահպանեն իշխանությունը»։ 

Այս հարցով փորձեցինք կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամվորների հետ՝ նրանց տեսակետը հասկանալու համար, սակայն նրանցից ոմանք մեր զանգերին չպատասխանեցին, իսկ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հրաժարվեց արտահերթ ընտրությունների հետ կապված որևէ մեկնաբանություն տալ։

Սյուզի Սիրականյան