Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը այս պահին բացառել է Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի շուրջ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը այս պահին բացառել է Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի շուրջ բանակցությունները
Քաղաքականություն / Աշխարհ
11:52, 08 апрель 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բացառել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունն այս պահին։ Նա իր տեսակետը հայտնել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում. գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել», - ասել է Բլինկենը՝ պատասխանելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների հնարավորության մասին հարցին։ Նպատակը, նրա խոսքով, «պետք է լինի արդար և հարատև խաղաղությունը»:

«Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, և ես դա հասկանում եմ։ Բայց եթե այդ հրադադարը նշանակում է Ռուսաստանի կողմից ուկրաինական մեծ տարածքի զավթման փաստացի վավերացում, ապա դա արդար և տևական խաղաղություն չի կարող լինել, քանի որ Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքերը և որոշ ժամանակ անց կրկին հարձակվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինայի հակագրոհը կսկսվի մոտակա շաբաթների ընթացքում։

«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի օգնենք Ուկրաինային հետ գրավել տարածքները, ներառյալ հակահարձակումը, որը սպասվում է առաջիկա շաբաթներին»,- մանրամասնել է Բլինքենը՝ հավելելով, որ քանի դեռ ռուսական ագրեսիան շարունակվում է, արևմտյան երկրները կպահպանեն աննախադեպ ճնշումը պատժամիջոցների և արտահանման նկատմամբ:

Անահիտ Խաչատրյան