Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱդեկվաԴ»-ի գործերը «վա՞Դ» են

«ԱդեկվաԴ»-ի գործերը «վա՞Դ» են
Քաղաքականություն
18:33, 14 апрель 2023
2019-ին «Էրեբունի Պլազա»-ում ազդարարվեց  հերթական կուսակցության՝ «ԱդեկվաԴ»-ի  ստեղծման մասին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կուսակցության ստեղծման հետևում կանգնած էր  նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, ինքնզինքը կամավոր վտարանդիության մատնած  Միքայել Մինասյանը։  Դանիելյանն իր հարցազրույցներից մեկում նշել  է, թե իր և Միքայել Մինասյանի միջև կա ուղիղ կապ՝ դեռևս 2019 թվականի սեպտեմբերից։
 
Այս մարդ-կուսակցության առաջին դեմքերն  այս ընթացքում աչքի են ընկել իշխանության հասցեին արված  ամենակոշտ հայտարարություններով,  սադրիչ վարքագծով։ Ա. Դանիելյանը  2021 թվականին  եթերում ընդհուպ համաձայնել էր այն դիտարկմանը, թե՝ «Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արյունահեղությունն է, ուրիշ ճանապարհ չկա»։

Սույն կուսակցությունը, ինչպես ՀՀ-ում գործող մնացած քաղաքական ուժերը, ներկայացրել է իր տարեկան՝ 2022թ.  ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվություն։ Այն ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ  կուսակցությունը նախորդ տարի ֆինանսական գործունեություն չի իրականացրել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել, դրամական և ոչ դրամական հոսքեր չի ունեցել։ Կուսակցության մեկենասի  ֆինանսական երբեմնի կարկաչուն  աղբյուրները, ինչպես երևում է, չորացել են։
 
«ԱդեկվաԴ»-ն, ըստ հաշվետվության,  ունի ընդամենը 92 անդամ, ղեկավար անձնակազմն էլ  բաղկացած է երեք հոգուց՝ Ա. Դանիելյան, Կ. Տեր-Նակալյան, Գարեգին Պետրոսյան։