Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնալու ենք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով․ դեմարկացված պետական սահմանը նշանակում է միջազգային երաշխավորված անվտանգություն․ Փաշինյան․ Տեսանյութ

Գնալու ենք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով․ դեմարկացված պետական սահմանը նշանակում է միջազգային երաշխավորված անվտանգություն․ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:18, 11 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Բերդ քաղաքում անդրադարձավ անկլավների թեմային և հայտարարեց.

«Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ իրոք թեմա է եղել` կապված անկլավների հետ: Էսօր շատ է խոսվում այն մասին, թե ես ստորագրել եմ այդ տարբերակը, և ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը: Ճշմարտությունը ճիշտ հակառակն է. կային մարդիկ, ովքեր ասում էին, թե էդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել: Բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել, և այդ կետն ընդհանրապես հանվել է»:

Նա ընթերցեց 1999թ. համաձայնագրի 4-րդ կետը, ըստ որի` Հայաստանը պետք է դուրս բերեր իր զինված ուժերը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանները. «Այս թեման միշտ եղել է բանակցությունների օրակարգում»:

«Մեր տրամաբանությունն էն ա, որ մեր անկլավը` Արծվաշենը, պետք է փոխանակվի իրենց անկլավի հետ: Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Մենք էլ այս թեման ենք բերել և ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` իրենց վերաբերմունքը սահմանապահ գյուղերին այս երեք տարվա ընթացքում երևացել է. «Ինչ որ մենք անում ենք, անում ենք ոչ թե քվեի համար, այլ մարդու համար: Չինարի գյուղում 30 տարվա մեջ առաջին անգամ տուն է կառուցվում»:

«Մենք գնալու ենք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, դրա մասին պարզ ասում ենք, որովհետև դեմարկացված պետական սահմանը նշանակում է միջազգային երաշխավորված անվտանգություն, այսինքն` գրեթե անմատչելի պարիսպ ենք մենք ստեղծում: Մեր հաղթանակը մսխել ենք, աղետը չպետք է մսխենք: Այս փուլում մեր նպատակը Հայաստանի խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Գնացեք Այգեպար և կտեսնեք, թե մենք ոնց ենք դա պատկերացնում: Մենք չպետք է վախենանք ապագայից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց. «Պսևդոէլիտաներին զայրացնում է, որ դուք այսօր բարձրագույն իշխանություն եք, իսկ ընտրակաշառք բաժանողները չեն պլստալու: Իրավապահները խոստանում են, որ առաջիկայում «բերքահավաքը» առատ է լինելու: Հայաստանում թափ է հավաքում ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխությունը, որի արդյունքում հաստատվելու է օրենքի դիկտատուրա: Քվեարկեք իշխանության ուժի օգտին և «ոչ» ասեք ուժի իշխանությանը, որովհետև դա բխում է կոռուպցիայից»: