Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին
Քաղաքականություն
20:43, 11 июнь 2021
«Այս ջերմ ընդունելությունը չափազանց պարտավորեցնող է և պատիվ է»,- Տավուշի մարզ կատարած նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր՝ հունիսի 11-ին, Աչաջուրում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հունիսի 21-ին արձանագրվելու է այն իրողությունը, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվել է, բայց այն տարբերությամբ, որ թավշե մանդատը փոխարինվել է պողպատե մանդատով, և Հայաստանում մենք իրար հետ հաստատելու ենք իրավունքի ու օրենքի դիկտատուրա»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով իրենց իշխանությանն ուղղված մեղադրանքներին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ամենաաբսուրդ մեղադրանքն այն է, որ մեզ ասում են, թե մենք թույլ իշխանություն ենք: Բայց մենք թույլ իշխանություն չենք, որովհետև այն ամենի միջով, որով մենք անցանք, մեկ այլ իշխանություն չէր դիմանա: Իհարկե, ձեր շնորհիվ ենք դիմացել»:

«Ուզում եք պատմել իմ ու Օնիկի հարաբերությունների մասին: Ես գնահատական չեմ տալու, այլ պատմելու եմ էն պատմությունը, որն իմն է: Ես երբ նրան միջնորդել եմ ԳՇ պետի պաշտոնը ստանձնել, Օնիկին ասել եմ՝ մենակ մի բանից եմ վախենում. որ դու կապեր ունես նախկին իշխանությունների հետ, ինքն էլ ասել է՝ չէ, մի անհանգստացիր: Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման: Ես նրան հավատացել եմ մինչև պատերազմի ավարտից հետո: ... Հետո ես համոզվել եմ, որ նա ինձ շատ բաներ ճիշտ չի զեկուցել: Օնիկը հիմա հետահայաց հակառակ լուրեր է տարածում նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ. ինչո՞ւ, դա ինձ հասկանալի չի: Հիմա ես մտածում եմ, որ նա ուզում էր, որ այդ տարբերակով ստորագրեի, որովհետև ինչքան վատ, այնքան լավ իրենց համար, որպեսզի մեր կառավարությանը կարողանային քշեն: Ես այդ հարաբերություններում ոչ մի անազնիվ բան չեմ արել»:

Փաշինյանի խոսքով՝ եթե Տիրան Խաչատրյանը արժանապատվություն ունի, թող հրաժարվի Ազգային հերոսի կոչումից: