Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սրանով Հայաստանը Արցախից չի հրաժարվում, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՀ-ն որևէ իրավասություն չունի Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշելու․ Արցախի ժողովրդի ճակատագիրը մնում է Արցախի ժողովրդի ձեռքին

Սրանով Հայաստանը Արցախից չի հրաժարվում, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՀ-ն որևէ իրավասություն չունի Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշելու․ Արցախի ժողովրդի ճակատագիրը մնում է Արցախի ժողովրդի ձեռքին
Քաղաքականություն
15:35, 23 май 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Ադրբեջանի 86 600 քառ կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այդ չափերով, եթե Ադրբեջանն էլ ճանաչում է Հայաստանի 29800 քառ կմ տարածքային ամբողջականությունը։

Այս հայտարարությունից հետո սկսվեցին խոսակցությունները, թե Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, Արցախի հանդեպ ունեցած իրավունքներից։ Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Արցախից հրաժարվելու տեսակետը Հայաստանում ենթադրաբար «տաքացվում» է նաև Ռուսաստանից, սակայն իրականում նման բան չկա։ «Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ է արել, հայտարարել է այն, ինչ միշտ եղել է՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանից պահանջել է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։ Արցախի հարցը շարունակում է մնալ առկախված։ Հայաստանը Արցախի հարց չի քննարկել», - ասաց Սուքիասյանը։ Ըստ գործչի, Արցախը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միշտ եղել է դետալ, որի վրա տարբեր կողմեր տաքացրել են իրենց ձեռքերը։ «Ռուսաստանը էդ կոնֆլիկտի վրա իր արնածոր թաթը դրել է և ժողովրդին ենթարկել սպանդի։ Հիմա Հայաստանն ի՞նչ է ասել՝ ես ճանաչում եմ քոնը, դու ճանաչում ես իմը։ Ես քո հետ հարց չունեմ, դու ինձ հետ հարց չունես։ Բայց Արցախի կոնֆլիկտը միշտ մնում է։ Դրանով Հայաստանի Հանրապետությունը Արցախից չի հրաժարվել․ ուզի էլ չի կարող։ Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ իրավասություն չունի Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշելու։ Արցախի ժողովրդի ճակատագիրը մնում է Արցախի ժողովրդի ձեռքին։ Ինքնորոշման իրավունքից, անկախությունից կարող է հրաժարվել բացառապես Արցախի ժողովուրդը։ Սրանով Հայաստանի Հանրապետությունը Արցախից չի հրաժարվում», - նշեց Սուքիասյանը։

Քաղաքագետը հիշեցրեց Շառլ Միշելի հայտարարությունը, որտեղ վերջինս նշում էր, որ պետք է Ստեփանակերտն ու Բաքուն միմյանց հետ երկխոսեն, բանակցեն, և նկատեց, որ սրանից ավելի Արցախի հարցի միջազգայնացում հնարավոր չէ պատկերացնել։ 

«Առաջարկում եմ մեր արցախահայությանը, մեր հայրենակիցներին, բռնել Արցախի իշխանության ականջներից, շնչել իշխանությունների ծոծրակներին և պահանջել դիմել Միշել և ասել՝ այն, ինչ հայտարարել ես, աջակցիր, որ իրականանա։ Խոսքը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին է։ Ըստ էության, ստացվում է, որ ամբողջ աշխարհ ընդունում է արցախահայերի իրավունքները։ Այլ հարց է, թե կոնֆլիկտը հետագայում ո՞նց կլուծվի։ Արցախի ժողովրդի իրավունքերի հարցը, անվտանգության հարցը աշխարհը ճանաչում է։ Արցախը պետք է սրանից կառչի, ոչ թե գան Հայաստանի ոտքերից կառչեն։ Հայաստանը ինչ ուզում է խոսի, դա ի՞նչ կապ ունի», - ասաց Սուքիասյանը։

Անդրադառնալով Արցախի Ազգային Ժողովի հայտարարությանը, որտեղ ասվում է, թե իրենց համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ, և որ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց, Սուքիասյանն ասաց․ «Մինչև Փաշինյանի հայտարարությունը այնտեղ մի գիշատիչ կա, որը ձեր մոտ խաղաղապահ է, և որը բոլորից առաջ հայտարարել է, թե Արցախը Ադրբեջանի տարածք է։ Արցախից պահանջում եմ հենց հիմա հայտարարություն տարածել, որ չենք ընդունում Պուտինի հայտարարությունը, որովհետև դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը խաթարում է։ Բայց ի՞նչ կապ ունի, թե Հայաստանը ինչ է հայտարարում։ Դուք հայտարարեք, որ մենք շարունակելու ենք պայքարել մեր իրավունքների համար։ Դուք դա ասեք։ Ինչու՞ եք անընդհատ Հայաստանի ոտքերից կախված քաշում գերեզման։ Հայաստանը կարողացել է, թեկուզ արնածոր վերքը վրան, հասկանալով, որ իր դաշնակիցը հարբեցող է, էս պատերազմից հետո Ադրբեջանին քաշել միջազգային հարաբերությունների ոլորտ, որտեղ ստիպել է Միշելի ներկայությամբ Անդրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի իրավունքի հարցը։ Ինչո՞ւ հայտարարություն չեք ընդունում և դիմում Միշելին՝ որ դու հայտարարել ես, որ Ադրբեջանը պետք է նստի Ստեփանակերտի հետ երկխոսության, մենք համաձայն ենք դրան։ Ինչու՞ այդպիսի հայտարարություն չեք անում։ Հետևաբար, դա նշանակում է՝ իրենք անկեղծ չեն և իրենց նպատակը, ըստ էության, Արցախի փրկությունը չէ, այլ Հայաստանին կեղծ թեզիսներով կապել գերեզմանին՝ ռուսական սայլին։ Իրենց արածը դա է», - ասաց քաղաքագետը։

Սուքիասյանի կարծիքով՝ Արցախը պետք է բանակցի Բաքվի հետ՝ անկախ նրանից, թե ինչ թեմայով կլինեն բանակցությունները։ «Կարևորը բանակցությունն է։ Բանակցություն պետք է լինի, եթե մի անգամ երկու նախագահները նստեն բանակցեն՝ Արայիկ Հարությունյանը  և Ալիևը, Հարությունյանը ավտոմատ դառնում է միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Անգամ թող 10 տարի բանակցեն, 40 տարի բանակցեն», - եզրափակեց քաղաքագետը։