Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հայտարարությունը

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հայտարարությունը
Քաղաքականություն
16:38, 15 июнь 2021
Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2021թ. հունիսի 15-ին Շուշի կատարած այցի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ:

Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են:

2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:

Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել  են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ:

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում:

Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:

Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին:

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով:

Համայն հայությունը այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին:

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի խմբակցություններ՝

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական Հայրենիք»

«Արդարություն»

«Հայ Հեղափոխական Դաշնակություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»