Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես կարծեցի, որ եթե նման խելացի մարդիկ ինձ խնդրել են մասնակցել, ես իրենց կողքին պետք է կանգնեմ․ միայն պարոն Քոչարյանին չէ, որ սատարում եմ․ Աննա Մայիլյան

Ես կարծեցի, որ եթե նման խելացի մարդիկ ինձ խնդրել են մասնակցել, ես իրենց կողքին պետք է կանգնեմ․ միայն պարոն Քոչարյանին չէ, որ սատարում եմ․ Աննա Մայիլյան
Քաղաքականություն
16:09, 16 июнь 2021
124 մտավորականներ հանդես են եկել «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով: Նրանց մեջ են գրողներ, երգիչներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, ԳԱԱ ակադեմիկոսներ, ԵՊՀ դասախոսներ, հատկապես այն ֆակուլտետների, որոնց ղեկավարների հարազատները ներգրավված են Քոչարյանի դաշինքում։ Օրինակ՝ պատմության ամբիոնի դեկան Էդիկ Մինասյանի եղբայրը՝ Արծվիկ Մինսայանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է։ Հայտարարությանը միացել է նաև ԵՊՀ իրավաբանական ամբիոնը՝ դասախոսներով։ Ինչպես հայտնի է՝ ԵՊՀ իրավագիտության  ֆակուլտետի դեկանն է Գագիկ Ղազինյանը, որը Քոչարյանի դաշինքում ընդգրկված Արթուր Ղազինյանի հայրն է։   
 
«Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, համոզված ենք, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի համար պայքարող նախընտրելի ուժը «Հայաստան» դաշինքն է, ուր միավորված ազգային, պետական քաղաքական ուժերն ու գործիչներն ունակ են առավելագույն նվիրումով կասեցնել երկրի կազմաքանդումը, ամրացնել հայոց պետականությունն ու վերականգնել մեր վիրավոր արժանապատվությունը»,- ասված է 124 մտավորականների հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացած շատ մտավորականների անունները զարմանալի չէին, նրանք արդեն 1-2 անգամ Քոչարյանի անազատության մեջ գտնված ժամանակ, հայտարարություն տարածել էին։ Ամեն դեպքում 1-2 նոր անուններ կային, որը նորություն էր։ Այդ անուններից էր, օրինակ, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր Աննա Մայիլյանի անունը։ 

Տիկին Մայիլյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարությանը միացել է իր մտավորական ընկերների հորդորով, բացի դա ինքը Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է անձնական առաջընթաց, հաջողություններ, իր տաղանդը այդ ժամանակ է գնահատվել։ «Ես կարծեցի, որ եթե նման խելացի մարդիկ ինձ խնդրել են մասնակցել, ես իրենց կողքին պետք է կանգնեմ։ Բայց ես նաև կարող եմ ասել, որ այդ տարիներին ես տեսել եմ իմ երկրի առաջընթացը, նաև որպես արվեստագետ ու երաժիշտ, չունենալով որևէ ծանոթ կամ բարեկամ, առաջընթաց եմ ունեցել այդ տարիներին։ Իմ տաղանդն ու շնորհքը գնահատվել է հենց այդ տարիներին»,- ասաց Մայիլյանը՝ հավելելով, որ եթե մտավորականությունը չկանգնի ժողովրդի կողքին, գիտակցաբար չօգնի ժողովրդին, ուրեմն նա մտավորականություն չէ։ 

Մեր հարցին՝ Քոչարյանի կողքին կանգնելը արդյոք նշանակում է կանգնել ժողովրդի՞ կողքին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դուք ինչո՞ւ եք անընդհատ Քոչարյանի անունը նշում։ Ես նույն կերպ կարող եմ մասնակցել մի քանի այլ քաղաքական ուժերին սատարող հայտարարության։ Ես միայն պարոն Քոչարյանին չէ, որ սատարում եմ։ Պարզապես ցանկանում եմ մասնակից լինել հայրենիքի փրկությանը»,- ասաց տիկին Մայիլյանը։ 

Մեր ճշտող հարցին՝ ո՞վ է ասել, երաշխավորել, որ հայրենիքի փրկիչը Քոչարյանն է, Մայիլյանը խնդրեց չմեկնաբանել այդ հարցը. «Ես շատ համակրում եմ մի քանի այլ քաղաքական ուժի և նույն ձևով կարող եմ մասնակցել մյուս ուժերին սատարելու կոչերին։ Շատ եմ համակրում 5165 ուժին, բոլոր այն ուժերին ու գաղափարախոսության ակունքներում ազգային է։ Ես ուզում եմ, որ ինչ որ բան փոխվի։ Իսկ ներկա վիճակն անառողջ վիճակ է»,- ասաց նա։

Քոչարյանն ասում է՝ բերեք Ռուսաստանի դրոշը դնենք Հայաստանում, Դուք ասում եք ազգային գաղափարախոսությո՞ւն՝ հակադարձեցինք Մայիլյանին. «Դուք էլի Քոչարյանի անունն եք տալիս, բայց պարոն Քոչարյանը նույնպես ազգային գաղափարախոսություն է կրում։ Կարծում եմ, որ ինքն ուժեղ բանակ կկառուցի, տնտեսական հաջողություններ կգրանցի»,- ասաց Մայիլյանը։

Արփի Հարությունյան