Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գերիների հարցը ռուսական ղեկավարության առաջնահերթություններից է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Գերիների հարցը ռուսական ղեկավարության առաջնահերթություններից է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
Հայաստան
18:02, 07 июль 2021
«Այո, քննարկումներ կան այն մասին, թե ինչպես է հնարավոր ընդլայնել ռուս սահմանապահների ներուժը։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի՝ ելնելով ՀՀ-ի անվտանգությունից, սահմանին իրավիճակի կայունությունից եւ պարտավորությունների կատարումից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում ռուս սահմանապահների թվաքանակի ավելացման մասին տեղեկություններին՝ ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ինչպես հայտնի է, Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, արդեն իսկ կան ռուս սահմանապահներ, որոնք նպաստում են իրավիճակի կայունությանը, հանգստությանը։ Շատ կարեւոր է, որպեսզի տեղի բնակչությունն իրեն հարմարավետ զգա այդ նոր՝ իր համար անսովոր իրավիճակում»,-նշեց դեսպանը։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ադրբեջանական կողմը մայիսից խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը, իսկ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է շփման գծում միջազգային դիտորդներ տեղակայել, Սերգեյ Կոպիրկինը նկատեց․ «Նման հարցերով ընթանում են խորհրդակցություններ։ Երբ կլինեն համապատասխան որոշումներ, կիմանանք այդ մասին»։

ՌԴ դեսպանը նաեւ համոզմունք հայտնեց, որ պատերազմից հետո Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը բավականաչափ արդյունավետ է գործում։


Այնուհետեւ լրագրողները հիշեցրին, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները եւ հայ ռազմագերիներին մաս-մաս է վերադարձնում։ Սերգեյ Կոպիրկինն ի պատասխան շեշտեց․ «Գերիների հարցը ռուսական ղեկավարության ու ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության առաջնահերթություններից է։ Ապացույցը գործադրվող քայլերն են։ Մեր մոտեցումը հայտնի է ի սկզբանե՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»։