Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողին ազատ արձակած դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը ԲԴԽ-ում հետաձգվեց

Փաշինյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողին ազատ արձակած դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը ԲԴԽ-ում հետաձգվեց
Հայաստան
15:56, 19 август 2021
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում է դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։   

Դատավորը նշեց, որ ինքը ցանկանում է միջնորդություն ներկայացնել, որը կապված է ներկայացված միջնորդության օրինականության հետ։ Նա նշեց, որ  որևէ ձևով համաձայն չի ներկայացված միջնորդության հիմքերի և հիմնավորումների հետ։

 «ԲԴԽ-ի, կողմերի, ինչպես նաև դահլիճում ներկա գտնվող անձանց ժամանակը խնայելու նկատառումներից ելնելով՝ ցանկանում եմ միջնորդել, որպեսզի ԲԴԽ-ն նախևառաջ քննարկի հարուցման օրինականությունը, որովհետև ես ցանկանում եմ միջնորդել, որպեսզի փուլային լուծում լինի։ Եթե ԲԴԽ-ն գտնի, որ հարուցման որոշումն օրինական է՝  հետևաբար կանցնենք քննարկմանը, եթե գտնեն , որ հարուցման որոշումն օրինական չէ, ապա այդ դեպքում, կարծում եմ, առարկայազուրկ է դառնում միջնորդությունն ըստ էության քննարկելը»,- ասաց Արման Հովհաննիսյանը։

Ներկայացնելով իր միջնորդությունը՝ Արման Հովհաննիսյանն ասաց, որ իր դեմ հարուցված վարույթն անօրինական է։  
ԲԴԽ նախագաի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դատավորի ներկայացրած միջնորդությանն ըստ էության ծանոթանալու համար ճիշտ կլինի նիստը հետաձգել, որպեսզի խորհրդի անդամները ծանոթանան միջնորդությանը, հետո շարունակեն քննարկել։
Կողմերը չառարկեցին, և տեղում խորհրդակցելուց հետո Գագիկ Ջհանգիրյանը նիստը հետաձգեց. այն կկայանա սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին։

Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանն այն դատավորն էր, որը 2020 թվականի նոյեմբերի 19-ին մերժեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և չկալանավորեց իշխանության յուրացումն ու վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։