Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 200 մլն դրամ՝ հրատապ խնդիրներ լուծելու համար․ մարզպետարանի քարտուղարը՝ Վահե Հակոբյանի մեղադրանքներին

Սյունիքի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 200 մլն դրամ՝ հրատապ խնդիրներ լուծելու համար․ մարզպետարանի քարտուղարը՝ Վահե Հակոբյանի մեղադրանքներին
Հայաստան
19:00, 06 октябрь 2021
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը գլխավոր դատախազից ակնկալում էր որոշ հարցերի պատասխաններ։ Մասնավորապես՝ ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ԱԺ ընտրությունների ժամանակ կես մլրդ դրամ գնացել է Սյունիքի զարգացման հիմնադրամ ու «անհասկանալի պատճառներով չկա այդ գումարը»։ Վահե Հակոբյանը հարց բարձրացրեց, թե ինչու չի կալանավորվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նրա պնդմամբ՝ Գորիսում և հարակից գյուղերում առաջարկում է 1 մլրդ դրամի աջակցություն ՏԻՄ ընտրություններից առաջ։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս ապրիլ ամսին կառավարությունը որոշում էր կայացրել 500 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին, և այդ գումարը մայիս ամսին փոխանցվել է հիմնադրամի հաշվեհամարին՝ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար։ «Գումարի մի մասը ծախսվել է ծրագրերի իրականացման համար, մյուս մասը դեռ հիմնադրամի հաշվեհամարին է»,-ասաց նա։ 

Հարցին՝ ի՞նչ ծրագրերի վրա է ծախսվել գումարը՝ գլխավոր քարտուղարը հիշատակեց խոշորացված ծրագրերը՝ մարզի անվտանգության համակարգ, գյուղատնտեսության զարգացում, պատերազմից տուժած տնտեսությունների աջակցում, կրթական ծրագրեր և այլն․ «Այս աշխատանքները համակարգում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը՝ ստեղծված միջգերատեսչական խմբի շրջանակում»։ 

Էդգար Մարտիրոսյանն անդրադառնալով կառավարության սեպտեմբերի 30-ի որոշմանը՝ նշեց, որ այդ որոշմամբ ևս 200 մլն դրամ է հատկացվել Սյունիքի զարգացման հիմնադրամին՝ նույն աշխատանքային խմբի գործունեությունն ապահովելու համար․ «Ըստ քաղաքական հայտարարությունների կշարունակվի գումարի տրամադրումը՝ կապված թե միջգերատեսչական աշխատանքային խումբը և մենք ինչ տեմպով կարող ենք աշխատել։ Ուզում եմ նշել, որ այս գումարների շրջանակում մենք չունենք ծրագիր քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու, բացառությամբ այն տնտեսություններին, որոնք պատերազմից տուժած են»։  

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզին տրամադրվեց 1 մլրդ դրամ: «Դա Սյունիքի համայնքների կենսունակությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և հավելեց, որ քննարկվել է Սյունիքին ամեն անգամ 200 մլն դրամ տրամադրելու անհրաժեշտությունը․ «Այս նախագծով մենք հաստատում ենք 200 մլն դրամի փոխանցումը Սյունիքի զարգացման հիմնադրամին՝ հաշվետվությունից հետո պատրաստակամություն հայտնելով տրամադրել ևս 800 մլն դրամ»։

Նարա Մարտիրոսյան