Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ռուսական կողմին ինչ-որ ասելիք ունի և Արցախի հետ շփման գծում միջադեպեր է սադրում, ինչից տուժում են խաղաղ բնակիչները․ քաղաքագետ

Ադրբեջանը ռուսական կողմին ինչ-որ ասելիք ունի և Արցախի հետ շփման գծում միջադեպեր է սադրում, ինչից տուժում են խաղաղ բնակիչները․ քաղաքագետ
Հայաստան
18:25, 11 октябрь 2021
«Ռուս խաղաղապահները այնտեղ են, որպեսզի  պահեն խաղաղությունը, որպեսզի մարդկային կյանքեր խլող կրակոցներ, միջադեպեր չլինեն, բայց մենք հակառակում ենք համոզվում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Արցախում նախօրեին արձանագրված միջադեպին։

Հիշեցնենք, որ նախօրեին Մարտակերտի հարակից տարածքում գտնվող Նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել էր  55-ամյա բնակիչ։  Սպանված Արամ Տեփնանցը այգում իր ամենօրյա գործերն անելիս էր եղել։ Ադրբեջանը, սակայն, ժամեր անց  հերքեց, թե Ղարաբաղում խաղաղ բնակիչ է սպանվել։ Մինչդեռ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը լրատվամիջոցներին ասել է, որ կրակոցների ժամանակ Արամ Տեփնանցը միայնակ չի եղել, այնտեղ են գտնվել նաև ռուս խաղաղապահները։ Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունից ևս  դեպքի հետ կապված մանրամասներ հաղորդվեցին, ըստ որի՝ նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ ՊԲ ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ականատեսների պնդմամբ՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։

Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։ Իրականացվում է նախաքննություն:

Ըստ Մեհրաբյանի՝ ռուսական կողմը բավարարվեց միայն փաստն արձանագրելով, և լռություն տիրեց, բայց հիմա քննություն է գնում, և պետք է հասկանալ, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքացիական անձը, ըստ դատախազության, չի ցանկացել այդ տարածքում աշխատանք տանել, և ինչու է ռուս խաղաղապահը նրան համոզել, և ինչպես է այդ միջադեպը ստացվել:

«Ես հիմնավոր մտավախություն ունեմ, որ սա Ռուսաստանի կողմից հավանության արժանացած միջադեպ է, որը նաև պետք է հայերին հիշեցնի ռուսների անփոխարինելի դերը մեր տարածաշրջանում։ Ես սա չեմ ասում օդից կամ ավելորդ կասկածամտությունից ելնելով, այլ նաև դատելով այն նարատիվներից, որոնք տարբեր առիթներով Երևանում գտնվող կամ հայկական մեդիայով հնչում են ռուս մեկնաբանների խոսքից։ Իսկ նրանք ասում են հետևյալը՝ Ղարաբաղի հարցի վերջնական  կարգավորում չի լինելու։ Լինելու է  Հայաստանի սովերենության սահմանափակում, Ղարաբաղում ռուսական զորքերի ժամկետի երկարաձգում։ Իսկ Հայաստանը պետք է բացի իր սահմանները և մնացած բոլոր հարցերում լսի Ռուսաստանին։ Սա են ասում ռուսները»,- ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով. «Ռուսաստանն այս ամենում նման է մի ծախված արբիտրի, որը ըմբշամարտի ժամանակ մարզիկներից մեկին մշտապես դնում է պարտերի մեջ, որպեսզի առավելություն ապահովի հակառակ կողմի համար։ Սա է ամենը»։

Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թեև միջադեպի մանրամասները, դետալները դեռ ստույգ չեն, բայց ստույգ է մի բան, որ Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակիչ է սպանվել, իսկ դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ռուսական կողմին ինչ-որ ասելիք ունի: «Ինչ-ինչ հարցերում Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության չեն գալիս։ Խաղաղապահ առաքելության, մանդատի լիազորությունների, նույնիսկ խաղաղապահ առաքելության տարածքի շուրջ ակնհայտորեն ռուս-ադրբեջանական տարաձայնություններ կան։ Դա  նույնիսկ երևում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության  պաշտոնական կայքում խաղաղապահ առաքելության գոտու սահմանների հաճախակի փոփոխությամբ։ Մի բնակավայր հանում են, մյուսն են ավելացնում, մի դիրք հանում են, մյուսն են ավելացնում։ Այսպես հեղհեղուկ վիճակ է, որը կապված է նրա հետ, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն առ այսօր խաղաղապահ առաքելության զորախմբի  մանդատի հարցում համաձայնության չեն  եկել»,- ասաց Աթանեսյանը։

Քաղաքագետի խոսքով՝  իրատեսական չէ նաև այն, որ եթե Արցախում խաղաղապահ առաքելություն կա, ապա բոլոր տեսակի միջադեպերը բացառված են։ Եթե կան տարաձայնություններ, ապա միջադեպերը, պատահարները բացառված չեն լինի։ «Մնում է անցկացնել համակողմանի հետաքննություն, պարզել մեղավորներին, պարզել, թե ում հրամանով է դիպուկահարը կրակել՝ Պնախարարի՞, թե՞ ավելի բարձր՝  քաղաքական ղեկավարության հրահանգով է դա իրականացվել։ Ես անձամբ հակված եմ կարծելու, որ դա քաղաքական ղեկավարության հրահանգն է։ Կա քաղաքական հրահանգ, որպեսզի ադրբեջանական զինվորականները Արցախի հետ շփման գծում միջադեպեր սադրեն, քանի որ յուրաքանչյուր միջադեպ առիթ է ռուսական կողմի հետ Ադրբեջանի ՊՆ-ի համ համապատասխան ծառայությունների երկխոսության»,- ասաց քաղաքագետը։ 

Աթանեսյանը հակված չէ, որ նման միջադեպերը մեսիջ են վաղը սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպման կոնտեքստում։ Մեր զրուցակի խոսքով «Այդ հանդիպման ձևաչափն ու օրակարգն էլ թույլ չեն տա, որպեսզի ՀՀ վարչապետը առարկայական քննարկում անցկացնի այս միջոդեպով, բայց Մոսկվայում է  գտնվում ՀՀ Պնախարարը և նա պարտավոր է բարձրացնել ու քննարկել այդ հարցը, քանի որ սայստեղ շոշափվում է արդեն ռուս խաղաղապահ առաքելության միջազգային հեղինակության հարցը։ Այսինքն միջազգային առումով ինչ վստահություն կարող է լինել մի երկրի նկատմամբ, որի խաղաղապահ զորախումբը չի կարողանում երաշխավորել խաղաղապահ գոտու խաղաղ բնակչության անվտանգությունը», -ընդգծեց Աթանեսյանը։