Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում. Սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը. Վարչապետ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել ոչ միայն Իրանի, այլև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:

«Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ և ձեր ուշադրությունը սևեռեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում. խոսքը Էյվազլիի հատվածի մասին է»,- ընդգծեց վարչապետը:

Նա նկատեց, որ կարող է հարց ծագել, թե հնարավոր չէ՞ր ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացնել, և հավելեց. «Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար»:

Վարչապետը հիշեցրեց տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը. «Երբևէ չենք քննարկել և չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն: Սա ֆիքսված է փոխվարչապետների եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում, և վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը, և հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման մասով: Ավելին, մենք շահագրգռված ենք այդ հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների»:

Նա հավելեց, որ ՀՀ-ն նույնպես անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:

«Սիրելի հայրենակիցներ, այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ են սառնասրտություն, ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ավելացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: