Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար
Հայաստան
17:14, 21 декабрь 2021
Ընթացիկ տարում մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մշակույթի ոլորտին վերաբերող հարցերին, այս մասին ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերով` աջակցություն է ցուցաբերվել Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Աստղաշենի, Մարտակերտի արվեստի դպրոցներին` ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթին դպրոցների սաների մասնակցության ապահովման համար: Կարողացել ենք որոշ գույքային համալրումներ կատարել մշակույթի տարբեր համույթներում և 2022թ. շարունակելու ենք: Ինչպես նաև «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրի շրջանակներում արվեստի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպել: Կարողացել ենք պահել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը թեպետ դեռևս շրջիկ է և անհասցե, բայց շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքը: Թանգարանային գործի զարգացման շրջանակներում ևս աշխատանքներ ենք իրականացրել: Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագրերով, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, զգալի աշխատանքներ են տարվել, հատկապես` ազգային արժեքների կողմնորոշման, ամրապնդման առումով: Արժևորում եմ նաև գորգերի ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցել են նաև Հադրութի արվեստի դպրոցի աշակերտները»,- նշել է Լ. Ղարախանյանը: