Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականին Արարատի մարզից ներկայացրած 78 սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների մեծ մասն ավարտվել են․ Արարատի մարզպետարան

2021 թվականին Արարատի մարզից ներկայացրած 78 սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների մեծ մասն ավարտվել են․ Արարատի մարզպետարան
Հայաստան
19:02, 04 январь 2022
«Անցյալ տարի Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզից ներկայացրած 78 սուբվենցիոն հայտ, որոնց մեծ մասի աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուս մասը՝ ավարտին կհասցվի այս տարի, քանի որ համայնքների խոշորացման հետ կապված որոշակի փաստաթղթային խնդիրներ են առաջացել, որոնք կարգավորելուց հետո կավարտեն աշխատանքները»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ` Վարդան Սաֆարյանը։

Նա տեղեկացրեց, որ հինգ ծրագրեր դուրս են մնացել համայնքների ֆինանսական միջոցներ չունենալու, մի քանիսն էլ՝  տեխնիկական պատճառներով։ 

Խոսելով սուբվենցիոն ծրագրով կատարված աշխատանքների որակի մասին, Վարդան Սաֆարյանն ասաց․
«Որակական առումով, այս տարի արդեն ակնհայտ տարբերություն կար և լուրջ խնդիրներ չառաջացան։ Նշեմ նաև, որ թե՛ նախարարությունից, թե՛ տեսչական մարմնից պարբերաբար այցելել և աշխատանքներին հետևել են։ Մի քանի տեղերում տեխնիկական աշխատանքներ կան կատարելու ինչը համայնքի տիրույթում է»,-ասաց Վարդան Սաֆարյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ անցյալ տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսված էր մանկապարտեզների կառուցում, վերակառուցում ներտնտեսային ոռոգման ցանցերի կառուցում, նորոգում, ասֆալտապատում, լուսավորության ցանցի կառուցում, ամբուլատորիայի կառուցում, արևային համակարգերի տեղադրում, նոր պոմպակայանի հիմնում, գրադարանների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի տանիքների փոխարինում, գազաֆիկացման ծրագրերի իրականացում։

«Ռանչպար համայնքը 30 տարվա մեջ առաջին անգամ գազաֆիկացվեց։ Այստեղ այդ ծրագիրը շարունակական է, 2021 թվականին 80 տոկոսը գազաֆիկացվեց, այս տարի կիրականացվի 20 տոկոսը։ Ծրագրի արժեքը մոտ 130 միլիոն դրամ է։ Նաև զբոսայգիների բարեկարգում ու կառուցում ենք իրականացրել»,- ասաց Վարդան Սաֆարյանը։

Հարցին, թե մարզի սահմանամերձ համայնքներում ի՞նչ աշխատանքներ են կատարվել, Վարդան Սաֆարյանն ասաց, որ Երասխ համայնքում ավելի վաղ են աշխատանքներ իրականացվել, թեև ոչ սուբվենցիոն ծրագրերով, մասնավորապես լուսավորության ծրագիրն այնտեղ ամբողջությամբ իրականացվել է, ասֆալտապատումը դեռ 2020-ին են ավարտել, իսկ այս տարի փոխարինվեց բազմաբնակարան շենքի տանիքը, որտեղ տեղակայված է նաև համայնքապետարանը։

«Արմաշում ասֆալտապում է արվել, Եղեգնավան համայնքը հայտ չի ներկայացրել, Զանգակատանը ոռոգման ծրագիր է իրականացվել։ Իսկ Սուրենավան և Ավշար համայնքները մի քանի տարի է հայտեր չեն ներկայացնում։ Իսկ Արարատ քաղաքային համայնքում մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ զբոսայգի է կառուցվում», - ասաց Վարդան Սաֆարյանը։

Ի հավելումն Վարդան Սաֆարյանն ասաց, որ այսօր 21-րդ դարում մարդիկ պետք է նորմալ ճանապարհներով երթևեկեն, պետք է փողոցները լուսավոր լինեն, համայնքները գազաֆիկացված լինեն, մանկապարտեզներ շատ լինեն, իսկ սուբվենցիոն ծրագրերը շատ նպաստավոր են նման խնդիրները լուծելու համար, որովհետև համայնքները միայն իրենց միջոցներով չեն կարող  այդ ամեն ինչն իրականացնել։   
 
Լիլիթ Թադևոսյան