Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն կքննի ընդդիմադիրների՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի առթիվ դիմումը․ «Հայաստան»-ի ու ՊՈՒ-ի 6 պատգամավորի գույքի օրինականությունը ստուգվում է

ՍԴ-ն կքննի ընդդիմադիրների՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի առթիվ դիմումը․ «Հայաստան»-ի ու ՊՈՒ-ի 6 պատգամավորի գույքի օրինականությունը ստուգվում է
Հայաստան
16:37, 27 апрель 2022
Ինչպես հայտնի է՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը Սահմանադրական դատարանն  ընդունել է քննության: 

ՍԴ կայքից տեղեկանում ենք, որ գործի դատաքննությունն սկսվելու է 2022 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 11.00-ին, գրավոր ընթացակարգով։ Նշենք, որ ՍԴ-ն մինչ այդ, բավարարել է հիշյալ գործով պատասխանող կողմի միջնորդությունը և Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող գրավոր բացատրության համար տրամադրել էր լրացուցիչ ժամանակ մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը ներառյալ: 

Հիշեցնենք, որ օրենքի սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՍԴ էին դիմել անցյալ տարվա նոյեմբերին։  

Նկատենք, որ ներկա ու նախկին տարբեր պաշտոնյաների գույքի ծագումն ուսումնասիրող իրավասու մարմնի  տեսադաշտում հայտնվել են նաև պատգամավորներ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններից։ Նշվում է 6 պատգամավորի անուն,  որոնց գույքի ձեռքբերման հիմքերի օրինականությունը ստուգվում է։  

Նշենք,  որ օրենքը հեղինակած մարմինը Արդարադատության նախարարությունն է։ Նախարար Կարեն Անդրեասյանը  վստահեցրել էր, որ  օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմքեր չկան: 

Երկու տարի առաջ ընդունված օրենքը սահմանում է, որ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրության նյութերով հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը ներառում է ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից առաջ ընկած ժամանակահատվածը, որը չի կարող լինել ավելի երկար, քան ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացմանը նախորդող տասը տարին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։

Եթե ուսումնասիրության նյութերով ի հայտ են գալիս սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կասկածներ, և այդպիսի գույքի ձեռքբերմանն առնչվող ապացույցները պահպանված են, ապա իրավասու մարմինը կայացնում է որոշում՝ սահմանելով ուսումնասիրվող նոր ժամանակահատված, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը։

Ըստ օրենքի՝  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը:

 Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։ 
 
Հավելեք, որ այս օրենքի շահառուների թվում են հայտնվել մասնավորապես Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն  ու նրա ընտանիքի անդամները, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանն ու նրա ընատնքի անդամները, ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանը։ Դատախազությունն օրերս ծանուցում է ուղարկել նաեւ  ԴԱՀԿ  նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին ու նրա ընտանիքի անդամներին։