Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռաբեկ դատարանը «ողջամիտ ժամկետ» է համարում 9 ամիս Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքները չքննելը

Վճռաբեկ դատարանը «ողջամիտ ժամկետ» է համարում 9 ամիս Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքները չքննելը
Հայաստան
16:36, 26 март 2021
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին ուղղված Civic.am-ի հարցմանը դատարանից 2,5 էջ պատասխան են ուղարկել այն մասին, թե ինչու Վճռաբեկը 9 ամիս նիստ չի գումարում՝ «Մարտի 1-ի» գործով տուժողների և գլխավոր դատախազության բողոքը քննելու համար։ 

Դատարանից պարզաբանել են, որ դիմումն ընդունելու 3-ամսյա ժամկետը պահպանվել է, իսկ Վճռաբեկ դատարանը, «կաշկանդված չլինելով բողոքները քննելու հստակ դատավարական ժամկետներով, դրանք քննում է ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով ՀՀ դատական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված չափանիշները»։ 

Civic.am-ը դատարանին խնդրել էր պատասխանել, թե արդյո՞ք ողջամիտ ժամկետ է 9 ամիս դատական նիստ չնշանակելը և բողոքը չքննելը, և ի՞նչն է նման ձգձգման պատճառը, այն դեպքում, երբ խոսքը նման ծանր մեղադրանքի մասին է։ 
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա հունիսի 30-ին գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն մինչև այժմ Վճռաբեկը նիստ չի արել և չի քննել բողոքը: Բացի գլխավոր դատախազությունից, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոք են ներկայացրել նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները:  

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը 9 ամիս չի քննում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դեմ բողոքը և իր անգործությունը բացատրում է դատավարական ժամկետ չլինելու հանգամանքով։  

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, նաև՝ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այսօր չէր ներկայացել «Մարտի 1-ի» գործով դատական նիստին, անցյալ տարվա հունիսի 18-ին 2  միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից. 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Քոչարյանն ազատ արձակվեց մոտ 4 մլն դոլար գրավով: 

Մարտի 1-ի գործով որոշ տուժողների պաշտպան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ դժգոհություն էր հայտնել, որ իրենց բողոքը մինչ այժմ չի քննել Վճռաբեկը․ «Ինչպես ընթանում են մնացած պրոցեսները, այնպես էլ ընթանում է սա։ Ամիսներով հարցը քննության առարկա չի դառնում։ Կալանքներով գոնե պետք է վերապահումները լինեն»։ Ըստ փաստաբանի՝  Մարտի 1-ի գործով մեղադրյալները սպասում են՝ իրավիճակ փոխվի, որ այդ գործն ընդհանրապես չլսվի։ 

ՀՀ Վճռաբեկ դատարանում 8 հատորից բաղկացած գործի նյութերը հանձնվել են զեկուցող դատավոր Սերժիկ Ավետիսյանին 2020-ի հուլիսի 6-ին: 
Ուշագրավ մի փաստ. բողոքները քննող դատավոր Սերժիկ Ավետիսյանը «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի քենակալն է: Ինչպես հայտնի է՝ հենց Սամվել Կարապետյանն է, ըստ իր  հայտարարության, վճարել Ռոբերտ Քոչարյանի 2 մլրդ դրամ գրավի մի մասը: 
 
Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Սերժիկ Ավետիսյանի դեմ, սակայն վերջինս այն մերժել է՝ չհերքելով իր ազգակցական կապը Քոչարյանի գրավի գումարը վճարած անձի հետ: Սակայն դատավորը մերժել էր այն։ 

Մարինե Խառատյան