Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը

Մահացել է Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը
Հայաստան
15:17, 31 март 2021
Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սրտի խոր կսկիծով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Մեր սիրելի Կոմանդոսը…

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 

1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով։

Այս տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին Էրեբունի բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից։