Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության կողմից վարչապետի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց հարուցելը ձախողված է ի սկզբանե, այսինքն՝ մեռելածին պրոցես է․ Արսեն Թորոսյան

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ եթե աշնանը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, այն է՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու պահանջով։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ։ Նա նշեց, որ իր համար տարօրինակ չէ ընդդիմության «հովհարային» վարքագիծը, երբ նրանք անկանոն շարժումներ են անում մեկ՝ այս կողմ, մեկ՝ այն կողմ, և իրենց շարժումները փորձում են արդարացնել ինչ-որ անհեթեթ թեզերով, թեև հենց իրենց իսկ փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում։ 

«Այսինքն՝ բոլորը տեսնում են, որ այդ անկանոն շարժումները, անհեթեթ թեզերը չեն աշխատում։ Դրանք ո՛չ հանրային մոբիլիզացիա են առաջացնում, ո՛չ իրենց աջակիցների թիվն են ավելացնում։ Ավելին, իրենց քվե տված մոտ 300 000 քաղաքացիների մոբիլիզացիա չեն առաջացնում, ենթադրում եմ՝ նրանք էլ են արդեն հիասթափվել խորհրդարանական ընդդիմությունից։ Սա ասում եմ ցավով, որովհետև համարում եմ, որ ցանկացած ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որն իրապես կբարձրաձայնի խնդիրները, որոնք կան երկրում, ներքաղաքական, արտաքին քաղաքական, և կպահանջի իշխանություններից լուծումներ, ոչ թե հռչակագրային, տիտուլային ինչ-որ ընդդիմություն, որին իրականում չեն հետաքրքրում խնդիրները, իրենց հետաքրքրում է ընդամենը նախկինում կորցրած իշխանության վերականգնումը»,- ասաց Արսեն Թորոսյանը։     
  
Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում վարչապետի իմպիչմենտի հասնելու համար ընդդիմությունը չունի բավարար քվե՝  պատգամավորների թվի տեսանկյունից, բայց ունի իմպիչմենտի գործընթաց հարուցելու բավարար քվե, և քանի որ իմպիչմենտի գործընթաց հնարավոր է հարուցել վարչապետի ընտրությունից մեկ տարի հետո միայն, նրանք իրենց այս հերթական հովհարային փուլը կարծես՝ զուգորդում են այդ մեկ տարվա ավարտի հետ և ինչ-որ նոր պրոցես են ուզում գեներացնել, որն ակնհայտ է, որ ձախողված է ի սկզբանե, այսինքն՝ մեռելածին պրոցես է։

«Այն մյուս պլաստինկան, որ անընդհատ պտտվում է, թե մենք հեսա ՔՊ-ից պատգամավորներ կքաշենք մեր կողմ, կգողանանք, կառնենք, կդնենք մեր գրպանները և այլն, մենք լսում ենք պատերազմից հետո։ Այդ ամբողջ երգերը վաղուց լսված են, բոլորը հասկացել են, որ դրանք դատարկ խոսակցություններ են և չեն կարող իրականություն դառնալ։ Ես ցավով պետք է արձանագրեմ,  որ մեզ ընդդիմություն է պետք, որը մենք չունենք»,-եզրափակեց Արսեն Թորոսյանը։    

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Լիլիթ Թադևոսյան