Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ
Հայաստան
16:35, 10 апрель 2021
Ռուսաց լեզվի վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչները ստացել են իրենց վկայականները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառմանը  մասնայցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

«Ամիսներ առաջ, երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք ուսուցիչների վերապատրաստման համատեղ նախաձեռնությունը, հենց այդ փուլում ակնհայտ էր, որ դրա բացը կա, և շատ կարևոր էր, որպեսզի նմանօրինակ վերապատրաստումները վերադառնան մեր կյանք և դառնան ուսուցչական գործունեության ու մասնագիտական զարգացման անբաժանելի մաս:

Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը համընկավ ուսուցիչների վերապատրաստման քաղաքականության այն փոփոխությունների հետ, որոնք թույլ են տալիս ձեզ՝ որպես այս ծրագրի մասնակիցներ և այս ծրագրի մասնակցության ավարտին արդեն վկայականներ ստացած ուսուցիչներ, փոփոխությունները զգալ ձեր մաշկի վրա»,- ասել է նախարարի տեղակալը և անդրադարձել վերապատրաստման նոր կարգին, որով հնարավորություն է տրվում նախորդ վերապատրաստումների արդյունքում ուսուցիչների հավաքած միավորներն ու կրեդիտները հաշվառել և դիտարկել դրանք պարտադիր փաստաթղթային ատեստավորման պարագայում:

Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ վերապատրաստման դասընթացը կարող է լինել լավ օրինակ, թե ինչպես մասնագիտական զարգացման նախաձեռնությունները, որոնց ուսուցիչները մասնակցում են կամովին, դառնում են հնարավորություն՝ անցնելու ատեստավորման գործընթացը և այդ միջոցով դիմելու տարակարգի ու առաջիկայում ներդրվող մասնագիտական խրախուսման տարբեր գործիքների:

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

Դասընթացներին մասնակցել են հանրակրթական դպրոցներում դասավանդող ռուսաց լեզվի ուսուցիչները: Վերապատրաստման ծրագիրը ներառում էր լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն:

Դասընթացներն անցկացրել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսները: