Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե գնում ենք տարածաշրջանում խաղաղության օրակարգը հաստատելուն, ադրբեջանցիների ու հայաստանցիների չշփվելը ճիշտ չի. Փաշինյանը` անցակետերում այլ երկրների օպերատորների տեղակայման մասին

«Ճանապարհների թեման քննարկելիս Ալիևն ասել է` Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի ճանապարհներով անցնելիս հնարավոր է մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական շփումներ ունենալու պարագայում»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք առաջարկել էինք երրորդ երկրին ծառայություն մատուցել: Մենք հիմա այդ տարբերակը, որը փոխանցել ենք 2021թ. դեկտեմբերին, դրա պարզեցված մոդելն ենք առաջարկում: Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղության օրակարգը հաստատելուն, ադրբեջանցիների ու հայաստանցիների չշփվելը ճիշտ չի: Այդ շփումները պետք է կազմակերպել և մենք պետք է վերադառնանք ամենապարզ տարբերակին` Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են Ադրբեջանի ծառայողները, Հայաստանի սահմանին` հայաստանցի ծառայողները: Իսկ եթե այդ խնդիրը չի հաղթահարվում` օպերատորների պատվիրակենք: Ընդ որում մեր կողմից կարող է լինել օպերատորը ՌԴ սահանապահ ծառայությունը, և մենք առարկություն չունենք, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սահմանապահ ծառայությունը: Մենք առաջարկել ենք տարբերակներ, եթե դրանք ընդունելի չեն` ապա վերադառնանք առաջին տարբերակին` Ադրբեջանի կողմից ադրբեջանցիներն են հսկում, Հայաստանի կողմից` հայաստանցիները: Մենք կարող ենք նաև միջնորդել միջազգային մեր գործընկերներին, որպեսզի նրանք այդ անցակետերում` երկու կողմերում աշխատող մաքսային և սահմանային ծառայողների համար կազմակերպեն դասըթնացներ` օրինակ միջազգային մի կազմակերպության հովանու ներքո: Եթե Ադրբեջանի համար սա իրոք հաղորդակցության հարց է, այլ ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, պետք է այդ պայմանավորվածությունն արձանագրել և գնալ առաջ»,-նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Բրյուսելում պայմանավորվել են սկսել երկաթուղու վերականգնումը, և ստանալով Ադրբեջանի համաձայնությունը ՀՀ վարչապետը գրառել է Ֆեյսբուքի իր էջում, պատրաստել տեքստ, բայց Ադրբեջանը հրաժարվել է տեքստին պաշտոնական տեսք տալ: