Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը միջանցք տրամադրելու բանավոր խոստում է տվել որևէ մեկին. վարչապետ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը, նշեց, որ Ադրբեջանը խրոնիկ կերպով խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բազմաթիվ կետեր և խոսելով մասնավորապես 7-րդ կետի մասին՝ ասաց. «Այդ ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, և ասելով, թե ԼՂ գոյություն չունի և չընդունելով նման տարածքային միավորի գոյությունը՝ Ադրբեջանն ըստ էության հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»:

Խոսելով Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ կետի խախտման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»: 

Անդրադառնալով միջանցք տրամադրելու Ադրբեջանի պահանջին՝ վարչապետն ընդգծեց. «Բազմիցս եմ ասել, ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը նման բանավոր խոստում է տվել որևէ մեկի»:

Ինչպես նշեց վարչապետը, Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է. «Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և հետևաբար Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը և շահագործմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»: