Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ որոշման մեջ նշված է Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին․ սա նշանակում է, որ մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով․ Եղիշե Կիրակոսյան

ՄԻԵԴ որոշման մեջ նշված է Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին․ սա նշանակում է, որ մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով․ Եղիշե Կիրակոսյան
Հայաստան
15:16, 22 декабрь 2022
Դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ պահանջն ու միջանկյալ միջոց կիրառեց Ադրբեջանի նկատմամբ։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ ՄԻԵԴ-ին դիմել են կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին և դաժան վերաբերմունքի արգելքին։ Կիրակոսյանը նշեց, որ ՄԻԵԴ-ը սահմանափակված է և հստակ պետք է տեսնի, որ խախտումները կարող են անդառնալի հետևանքների բերել, այդ պատճառով են հենց այդ երկու հոդվածներով դիմել։ Կիրակոսյանը նաև նշեց, որ Եվրոպական դատարանը իր որոշումը կայացնելիս հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետին, որով Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժը։ Դատարանը Ադրբեջանին հիշեցրել է նաև իր կոնվենցիոն պարտավորությունների մասին։

«Շատ կարևոր է, որ ՄԻԵԴ որոշման մեջ նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, իսկ այդ հայտարարությունում հստակ նշված է Լաչինի միջանցքով մարդկանց բեռների, մեքենաների ազատ տեղաշարժն ապահովելու մասին: Պատահական չէ, որ դատարանը մեջբերում է այդ հայտարարությունը: Այսինքն, սա նշանակում է, որ մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով։ Դատարանի որոշման եզրափակիչ մասը հետևյալ կերպ էր ձևակերպված՝ ապահովել ծայրահեղ ծանր առողջական իրավիճակ ունեցող անձանց ապահով տեղափոխումը, ովքեր ունեն բժշկական անհապաղ օգնություն ստանալու կարիք Հայաստանում, ինչպես նաև այն անձանց, ովքեր գտնվում են Հայաստանում, չունեն ապրուստի միջոց և մնալու տեղ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հիշեցրեց, որ սա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4-րդ դիմումն էր։ Կիրակոսյանն ասաց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով նամակ են հղել Ադրբեջանին՝ պահանջելով ծանուցել իրենց քայլերի մասին՝ կապված դատարանի որոշումների կատարման հետ, սակայն Ադրբեջանից եկած պատասխանները իրար շատ մոտ են, և Ադրբեջանը հիմնականում գցում է պարտավորությունը իր վրայից։ Ադրբեջանը վկայակոչում է, այսպես կոչված, ակտիվիստներին։ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ եթե Ադրբեջանը չկատարի Դատարանի որոշումները և շարունակի փակ պահել միջանցքը, այդ դեպքում, ցավոք, գործիքակազմը՝ ազդելու Ադրբեջանի վրա, սահմանափակ է։

«Ֆորմալ առումով կա հետևյալ քայլերի հնարավորությունը՝ Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում նախ կա նախարարների կոմիտեի հարթակը, որին ծանուցելու հնարավորություն ունի Դատարանը։ Կոմիտեն հետևում է Դատարանի վճիռների կայացման ընթացքին, և նախարարների կոմիտեն պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»,- ասաց Կիրակոսյանն ու հավելեց, որ Դատարանի որոշումը պետք է նաև որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործել։

Կիրակոսյանը պարզաբանեց, որ Դատարանը սահմանափակված է միջանկյալ միջոցներ կիրառելու համար կոնվենցիայի դրույթներով, այդ իսկ պատճառով որոշում է կայացրել բացել ճանապարհը առողջական խնդիրներ ունեցողների և անօթևան մնացածների համար, այլ ոչ ամբողջապես։ Այս դեպքերում է, որ կա անդառնալի հետևանքների խնդիր։ «Այսինքն՝ ակնկալել, որ Դատարանը ասելու է բացեք ընդհանրապես՝ սխալ կլիներ, որովհետև Դատարանը իր որոշումները պետք է կապի հստակ հոդվածների հետ, այս դեպքում՝ 2-րդ և 3-րդ հոդվածների հետ։ Ինքը ուրիշ ձև չէր կարող անել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։